«Մարտի 1»-ի զոհերի հարազատները պահանջներ են ներկայացնում ԵԽԽՎ-ին

Your browser doesn’t support HTML5

2008 թվականի հետընտրական իրադարձությունների զոհերի հարազատները նամակով դիմել են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գլխավոր քարտուղարին եւ նախագահին՝ պահանջելով ստիպել Հայաստանի իշխանություններին բացահայտել զոհերի մահվան հանգամանքները։
ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղար Մատեո Սորինասին եւ նախագահ Մեւլութ Չավուշօղլուին հասցեագրված նամակում «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդները, մասնավորապես, ասում են. - «Այսօր լրանում է երկուսուկես տարի այն օրվանից, երբ Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանում իշխանությունները հրամայեցին ոստիկանությանը եւ ոստիկանական համազգեստով քրեական տարրերին կրակ բացել խաղաղ ցուցարարների վրա, արդյունքում զոհվեց 10 մարդ»։

ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանին ընդառաջ, զոհերի հարազատները ԵԽԽՎ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին են դիմում իրենց ձայնը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում լսելի դարձնելու նպատակով, պահանջում են ստիպել Հայաստանի Հանրապետությանը` կատարել ԵԽԽՎ-ի առաջ ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ սպանությունների բացահայտման ուղղությամբ։

Նամակը Հայաստանում ԵԽ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին հանձնեց 2008 թվականի մարտի 1-ին «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցից սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը։

«Մենք դիմել ենք դատարան՝ դատախազության եւ Հատուկ քննչական ծառայության աշխատանքը բողոքարկելու համար, որովհետեւ նրանք ոչինչ չեն անում, բայց արդյունքում մեզ մերժեցին», - ասաց ԵԽ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչին ասաց Ալլա Հովհաննիսյանը։

Հայաստանում ԵԽ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին ասաց, որ տեղյակ է սպանությունները չբացահայտելուն առնչվող իրավիճակին եւ խոստացավ, որ անմիջապես կփոխանցի նամակը։