Նիկոլ Փաշինյան. «Ես ինձ զգում եմ բացարձակ ազատ»

Նիկոլ Փաշինյանը դատարանի դահլիճում, մարտ, 2010թ.

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի օրը ստացել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի որոշումը ինտերնետ օգտագործելու համար տույժի ենթարկվելու մասին:

Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ պատրաստվում է դատարանում բողոքարկել քրեակատարողական հիմնարկի պետի որոշումը, քանի որ պնդում է, որ ինտերնետ չի օգտագործել:

Ավելի վաղ առգրավվել էր Փաշինյանի համակարգիչը:

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը անազատության մեջ է 2009 թվականի հուլիսի սկզբից: 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ Փաշինյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, սակայն Վերաքննիչ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ համաներում է կիրառվել եւ պատժաչափը կիսով չափ կրճատվել է: Շուրջ մեկ ամիս առաջ նա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկ:

«Կոշ» քրեակատարողական հիմնարկում տեղադրված հեռախոսով «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը զրուցել է «Ազատություն» ռադիոկայանի հետ: