Խորհրդարանականները մեկնաբանում են Freedom House-ի զեկույցը

Հայաստանի Ազգային ժողովի շենքը

Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում իրենց կարծիքները հայտնեցին Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցի առնչությամբ:
Ըստ զեկույցի, 2009 թվականին Հայաստանը պահպանել է «կիսաավտորիտար կառավարման համակարգ» ունեցող երկրի վարկանիշը` ժողովրդավարության համար կարեւորագույն ոլորտներից եւ ոչ մեկում առաջընթաց չարձանագրելով:

«Իսկ ո՞վ է դատավորը, Ֆրիդոմ Հաո՞ւսը», - ասաց խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը (ՀՀԿ)` շարունակելով. - «Ես ինքս նմանատիպ հարցերից բավարարված չեմ, բայց, անկեղծ ասած, ամբողջությամբ եs համաձայն չեմ նաեւ այն տեսակետներին, ինչը արտահայտում է այդ հեղինակավոր կազմակերպությունը»:

Ընդունելով, որ նորանկախ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման առումով խնդիրներ կան` Նիկոյանը, այդուհանդերձ, կարծում է, որ պետականության կայացմանը զուգահեռ «բոլոր այդ խնդիրները աստիճանական, դանդաղ լուծումներ են ստանում»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, զեկույցում արձանագրված խնդիրները «մի փոքր խտացված են»:

«Ըստ էության, [այդ խնդիրները] ֆիքսված են որպես կոալիցիայի քաղաքական օրակարգի գերակա խնդիրներ: Այլ հարց է, որ միգուցե այս կամ այն խնդիրը լուծելու հարցում, միգուցե տեմպերում կա դանդաղում` պայմանավորված թե' օբյեկտիվ, թե' սուբյեկտիվ պատճառներով», - հավելեց Զոհրաբյանը:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի համար, մինչդեռ, ամբողջությամբ ընդունելի են զեկույցում տեղ գտած գնահատականները թե' ազատ լրատվամիջոցների կայացման, թե' թափանցիկ ընտրությունների անցկացման, թե' ժողովրդավարության համար կարեւոր մյուս ոլորտներում առաջընթացի բացակայության վերաբերյալ:

Անդրադառնալով դատաիրավական համակարգին` Մարտիրոսյանն այն անվանեց «կոռուպցիայի ամենավտանգավոր օջախներից մեկը». - «Մինչեւ այժմ գործադիրի ամբողջական վերահսկողության տակ է, եւ այդ համակարգն է, որ պետք է վերահսկի արդարադատությունը Հայաստանում եւ բացահայտի հանցագործությունները, ինչը չի կատարվում»:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ընդհանրապես զերծ մնաց զեկույցում նշված գնահատականները մեկնաբանելուց:

«Որովհետեւ Ֆրիդոմ Հաուսի նպատակները, մտադրությունները Հայաստանի նկատմամբ բոլորովին այլ են եւ բացարձակապես տարբերվում են իմ եւ մեր կուսակցության նպատակներից: Ինձ համար այդ կազմակերպության գնահատականը որեւէ հիմք չէ», - փաստարկեց նա:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հրաժարվեց մեկնաբանել զեկույցում բերված գնահատականները` «Ազատություն» ռադիոկայանին փոխանցելով. - «Կոնգրեսում չկարեւորեցին զեկույցը»: