Ռուսաստանի նախագահը սկսում է իր այցը ԱՄՆ

Բարաք Օբամայի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը Փիթսբուրգում կայացած Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում, 24-ը սեպտեմբերի, 2009թ,

Երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը սկսում է իր այցը Միացյալ Նահանգներ: Հունիսի 24-ին Սպիտակ տանը նրան կհյուրընկալի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն` շաբաթավերջին Կանադայում կայանալիք Մեծ ութնյակի եւ Քսանյակի գագաթնաժողովներից առաջ Օբաման մտադիր է Մեդվեդեւի հետ քննարկել առեւտրի, ներդրումների, նորարարության բնագավառներում համագործակցությունը զարգացնելու հնարավոր ուղիները:

«Բարաք Օբամայի պաշտոնավարության սկզբից ի վեր ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը նպատակաուղղված ջանքեր է գործադրել Ռուսաստանի հետ մի շարք կարեւոր խնդիրների շուրջ համագործակցությունը ընդլայնելու ուղղությամբ, եւ հաջողվել է զգալի արդյունքների հասնել», - փոխանցում է Սպիտակ տունը:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Միացյալ Նահանգներ այցի նախաշեմին The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ Օբամայի հետ հանդիպմանը մտադիր է շեշտը դնել տնտեսական շփումների վրա եւ բարձրացնել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության հարցը:

«Բայց անձամբ ես կցանկանայի շեշտը դնել ռուս - ամերիկյան տնտեսական համագործակցության վրա, որովհետեւ վերջին շրջանում մենք ամրապնդել ենք մեր համագործակցությունը անվտանգության բնագավառում, սակայն զգալիորեն չենք բարելավել շփումները տնտեսության բնագավառում», - ասել է Մեդվեդեւը` հավելելով. - «Դա չի նշանակում, որ այդ շփումները չկան. ե'ւ ներդրումներ կան, ե'ւ ապրանքաշրջանառության ծավալը հասնում է տասնյակ միլիարդավոր դոլարների, բայց միեւնույն է` դա այն մակարդակը չէ, որ վայել է Ռուսաստանին եւ Ամերիկային»:

Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը իր երկրի անդամակցության խնդրի առնչությամբ Ռուսաստանի նախագահը նշել է. - «Չգիտեմ` իրադարձություններն ինչպես կզարգանան, բայց ես կցանկանայի այդ մասին խոսել իմ ամերիկացի գործընկերոջ հետ եւ ամեն ինչ անել, որպեսզի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի Դաշնության անդամակցությունը ի վերջո իրականանա»:

Հաղորդվում է, որ Դմիտրի Մեդվեդեւը Վաշինգտոնում քննարկելու է դժվարին վիճակում հայտնված երկրներին ֆինանսական աջակցության բաշխման հարցը: Ամերիկյան պարբերականի հետ զրույցում նա նշել է, որ խիստ շահագրգռված է Եվրոպայում տնտեսական կայունությամբ:

Խոսելով ռուս - ամերիկյան ներկայիս հարաբերությունների մասին` Մեդվեդեւը դրանք բնորոշել է «լավ հարաբերություններ»:

«Գաղտնիք չէ, որ ընդամենը մի քանի տարի առաջ դրանք հասել էին գործնականում շատ ցածր մակարդակի` գրեթե սառը պատերազմի վիճակի: Դա շատ մտահոգիչ էր եւ, իմ կարծիքով, վնասակար թե' ամերիկացիների եւ թե' ռուսների համար: Վերջին շրջանում մեզ հաջողվեց վերականգնել լիարժեք շփումը, կցանկանայի ամրապնդել ռուս - ամերիկյան երխոսության առկա դրական միտումները», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը: