ՄԱԿ-ի Մարդու իրավունքների զեկուցողը հանդիպում է ունեցել ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյան:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հատուկ ցեկուցող Մարգարետ Սեկագյան չորեքշաբթի օրը հանդիպում է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավար Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչների հետ:
ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանի փոխանցմամբ, հանդիպմանը, իրենից բացի, մասնակցել են նաեւ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Արտակ Զեյնալյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Զուրաբյանը նաեւ ասաց, որ հանդիպման ընթացքում իրենք ներկայացրել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, վերջին 2,5 տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, ընդդիմության նկատմամբ «իշխանությունների գործադրած բռնաճնշումներն ու հալածանքները»:

«Ներկայացրեցինք քաղբանտարկյալների ցուցակը, ներկայացրեցինք նրանց գործերը, որոնցից պարզ երեւում է, որ նրանք կամայականությունների զոհ են, ոստիկանական ճնշումների զոհ են», - ասաց Զուրաբյանը` շարունակելով. - «Այս բոլորը մենք ներկայացրեցինք, ներկայացրեցինք մարտի 1-ի դեպքերի բացահայտման հետ կապված իրավիճակը, իրավունքների այն ոտնահարումները, որոնք կատարվում են մարտի 1-ի զոհերի ծնողների նկատմամբ, ու այլն»:

ՀԱԿ-ի համակարգողը նշեց, որ ընդդիմությունը մեծ պատրանքներ չի կապում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հատուկ ցեկուցողի այցի հետ, քանի որ ՄԱԿ-ը մարդու իրավունքների հետապնդման գործում «պասիվ» դեր է կատարում։

«Բայց մենք երբենք չենք զլանում շփումներում մեր դիրքորոշումները ներկայացնել եւ, ընդհանրապես, աշխատել միջազգային հանրության հետ ձեւավորել ճիշտ պատկերացումներ Հայաստանում կատարվող պրոցեսների շուրջ», - ասաց Լեւոն Զուրաբյանը։