Ղրղըզստանում բախումների զոհերի թիվն աճում է. Բիշքեկը օգնություն է խնդրում Մոսկվայից

Պաշտոնական Բիշքեկը խնդրում է Ռուսաստանից խաղաղասիրական ուժեր ուղարկել՝ հարավում ծագած անկարգությունները հանդարտեցնելու համար։ Այդ մասին շաբաթ հայտարարել է ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւան։

«Կառավարությունը ի վիճակի չէ վերահսկել իրավիճակը երկրում, մենք դրսի օգնության կարիքը ունենք», - հայտարարել է Օտունբաեւան եւ տեղեկացրել, որ այդ մասին հատուկ նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին։

Ղրղըզստանի հարավային Օշ քաղաքում հինգշաբթի օրը ուզբեկ եւ ղրղըզ բնակչության միջեւ սկիզբ առած բախումների արդյունքում զոհերի թիվը, պաշտոնապես հրապարակված վերջին տվյալներով, հասել է 50-ի, վիրավորվել է շուրջ 680 մարդ։
Արեւմտյան գործակալությունների հաղորդմամբ, Ղրղըզստանի ու Ուզբեկստանի սահմանին կուտակվել են Օշից փախուստի դիմած հազարավոր մարդիկ, հիմնականում՝ կանայք եւ երեխաներ։ Նրանց խոսքով, տուժել է հիմնականում քաղաքի ուզբեկ բնակչությունը, նրանց պատկանող հարյուրավոր տներ այրվել են։

Ռուսաստանը, Չինաստանը, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը կոչ են արել կողմերին տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով։ Հատուկ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը՝ կոչ անելով միջազգային հանրությանը օգնել Ղրղըզստանի կառավարությանը՝ «լայնամասշտաբ էթնիկ այդ հակամարտությունը կարգավորելու եւ երկրում իրավիճակը վերահսկելու հարցում»։