Այսօր մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունը, որին մասնակցում է 32 ազգային հավաքական։

Յոհանեսբուրգի Soccer City մարզադաշտում տեղի կունենա հանդիսավոր բացումը, որին ներկա կլինեն պետական եւ հասարակական գործիչներ տարբեր երկրներից, ելույթ կունենան շոուբիզնեսի աշխարհահռչակ աստղեր։ Ապա առաջինը խաղադաշտ դուրս կգան տանտերերի` Հարավ-Աֆրիկյան Հանրապետության եւ Մեքսիկայի ազգային հավաքականները։

Կիսաեզրափակիչ խաղերը տեղի կունենան հուլիսի 6-ին եւ 7-ին։ Հուլիսի 10-ին կխաղարկվեն բրոնզե մեդալները, եւ վերջապես հուլիսի 11-ին՝ կիրակի օրը, տեղի կունենա առաջնության վերջին` 64-րդ հանդիպումը, որի հաղթողն էլ կվաստակի արդիական ֆուտբոլի ամենաբաղձալի մրցանակը` Աշխարհի գավաթը։

Մարզական մեկնաբանների կարծիքով, հաղթելու մեծ հնարավորություններ ունեն Բրազիլիայի, Իսպանիայի եւ Արգենտինայի թիմերը։ Հաղթանակի լավ հնարավորություններ ունեն նաեւ ներկայիս չեմպիոն Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի եւ Անգլիայի հավաքականները։