Թուրքիայի խորհրդարանը Իսրայելի հետ հարաբերությունների վերանայում է պահանջում

Թուրքիայի խորհրդարանի նիստը, արխիվային լուսանկար

Գազայի ափերի մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպից ընդամենը երկու օր անց Թուրքիայի խորհրդարանի անդամները պահանջել են կառավարությունից արմատապես վերանայել Իսրայելի հետ հարաբերությունները:
Չորեքշաբթի օրը բաց քվեարկությամբ ընդունված հայտարարության տեքստը հրապարակել է թուրքական խորհրդարանի փոխխոսնակ Գյուլդալ Մումջուն:

«Իսրայելը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի եւ փոխհատուցում վճարի հարձակումից տուժած բոլոր անձանց: Միջազգային հանրությունը, իր հերթին, պետք է շուտափույթ կերպով ձեռնամուխ լինի Գազայի իրադարձություններն ուսումնասիրող անկախ հանձնաժողովի ստեղծմանը», - ասված է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ընդունած հայտարարությունում:

Նախապես թուրքական խորհրդարանի անդամները պահանջում էին, որպեսզի Թուրքիան անհապաղ տնտեսական պատժամիջոցներ նախաձեռնի Իսրայելի դեմ: Ռեջեփ Էրդողանի կառավարությունը, սակայն, կարողացավ փոքր-ինչ հանդարտեցնել կրքերը` հետ կանչելով Թել Ավիվում Թուրքիայի դեսպանին եւ չեղյալ հայտարարելով թուրք - իսրայելական համատեղ զորավարժությունները:

Միացյալ Նահանգներից վերադառնալուց անմիջապես հետո Անկարայում մամուլի ասուլիսով է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

«Մեր երկկողմ հարաբերությունների ապագան կախված է Իսրայելի պահվածքից: Ես որեւէ պատճառ չեմ տեսնում, որ կարող է խոչընդոտել մեր հարաբերությունների բարելավմանը: Պարզապես, Իսրայելը պետք է ազատ արձակի Գազայի միջադեպի ժամանակ ձերբակալված Թուրքիայի քաղաքացիներին, համաձայնի անկախ հետաքննական հանձնաժողովի ստեղծմանն ու վերջ տա 2007-ից շարունակվող Գազայի շրջափակմանը», - հայտարարել է Դավութօղլուն:

Պաշտոնական Անկարայի առաջին պահանջը Իսրայելի իշխանություններն արդեն կատարել են: Չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին թուրք ակտիվիստների ճնշող մեծամասնությունը ազատ է արձակվել Իսրայելի հարավում գտնվող Բեեր-Շեբա քաղաքի բանտից եւ հատուկ օդանավերով արտաքսվել հայրենիք:

Իսրայելի գլխավոր դատախազ Յեհուդա Վայնշտայնը հայտարարել է. - «Այդ մարդկանց պահելով Իսրայելի տարածքում` մենք միայն կվնասենք մեր պետության կենսական շահերը»:

Երկուշաբթի օրը Գազայի հատված մարդասիրական օգնություն փոխադրող նավերի վրա Իսրայելի հարձակման հետեւանքով զոհվեց 9 մարդ, 4-ը` թուրքեր։ Իսրայելի զինծառայողները գերի էին վերցրել նավերի անձնակազմին եւ որպես կամավոր Գազայի հատված մեկնողներին՝ հիմնականում Թուրքիայի քաղաքացիների։