Fitch Ratings. «Ադրբեջանի նավթի պաշարները կսպառվեն 2028 թվականին»

Նավթահորերը Ապշերոնի թերակղզում

Ադրբեջանական նավթի պաշարները կսպառվեն 2028 թվականին, պնդում են շուկայական վերլուծություններով զբաղվող հեղինակավոր Fitch Ratings գործակալության մասնագետները:
Անցած շաբաթավերջին հրապարակած զեկույցում Fitch Ratings-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ ադրբեջանական նավթը արդյունահանման ներկա տեմպերի պահպանման դեպքում կսպառվի արդեն 18 տարի հետո:

Fitch Ratings-ի մասնագետները նշում են, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն` Ապշերոնի թերակղզում եւ Կասպից ծովի հատակին գտնվող նավթահորերից Ադրբեջանը տարեկան 50 միլիոն տոննա նավթ է արդյունահանում:

«Առաջիկա մի քանի տարիներին նավթի արդյունահանման ծավալները Ադրբեջանում մնալու են նույն մակարդակի վրա, սակայն 2014 թվականից դրանք կսկսեն նվազել», - պնդում են Fitch Ratings-ի մասնագետները:

Նավթային եկամուտների ծավալին անդադառնալով` գործակալության փորձագետները նշում են. - «ՀՆԱ-ի իրական աճը 2010-ին կնվազի 2, իսկ 2011 թվականին` 3 տոկոսով»: Բայց նույնիսկ այս նվազման պայմաններում նավթի արդյունահանումից ստացված եկամուտներն իրոք տպավորիչ են լինելու. Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ` դրանք 2011 թվականին կհասնեն 97 միլիարդ դոլարի:

Ադրբեջանցի փորձագետներից ոմանք, սակայն, նկատում են, որ վերջին տարիներին երկրի կառավարությունն այդպես էլ չկարողացավ էներգակիրներից բացի եկամուտների այլ աղբյուրներ գտնել:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության համար պատրաստած մեկնաբանությունում բաքվեցի վերլուծաբան, Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը նշում է. - «Եթե այս միտումը պահպանվի, ապա 2020 թվականին էլ ադրբեջանական տնտեսության ընդհանուր կառուցվածքում որեւէ փոփոխություն մենք չենք տեսնի: Մինչ օրս գոյություն չունի Նավթային ֆոնդի մասին օրենքը, եւ նավթային եկամուտները ծախսվում են բացառապես երկրի նախագահի հրահանգների հիման վրա»:

Բաքվեցի փորձագետը լուրջ կասկածի տակ է դնում այդ ծախսերի արդյունավետությունը:

«2005-ին Նավթային ֆոնդի միջոցներով մեկնարկեց Օղուզ - Բաքու ջրատարի շինարարությունը: Դրան զուգահեռ` լիբանանա - հունական CCIC ընկերությունը սկսեց կառուցել Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազատարը: Շատերը Ադրբեջանում դեմ էին, որ գազատարի շինարությունը վստահվի մի ընկերության, որի ղեկավարներից մեկը ազգությամբ հայ է: Բայց արի ու տես, որ CCIC-ը արդեն իսկ ավարտել է գազատարի եւ չորս պոմպակայանների շինարությունը, իսկ պետական կառույցները Ադրբեջանի մայրաքաղաքը սնող ջրատարի շինարարությունն այդպես էլ չեն կարողանում ավարտել», - նկատում է Շաբանը: