Ղրղըզստանում նոր բախումների հետեւանքով մեկ մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ

Ղրղըզստանի հարավային Ջալալաբադ քաղաքում երկրի ժամանակավոր կառավարության եւ պաշտոնանկ արված նախագահ Կուրմանբեկ Բակիեւի կողմնակիցների միջեւ այսօր տեղի ունեցած բախումների հետեւանքով մեկ մարդ զոհվել է հրազենային վերքից:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայությունը` վկայակոչելով երկրի առողջապահական համակարգի պատասխանատուներին, ընդհարման եւս 37 մասնակիցներ մարմնական վնասվածքներ են ստացել:

Կրակոցները հնչել են, երբ ժամանակավոր կառավարության կողմնակիցների խումբը վերահսկողություն է հաստատել նախօրեին Բակիեւի կողմնակիցների գրաված կառավարական շենքի նկատմամբ: Հաղորդվում է, որ երկու կողմերն էլ զինված են հրազենով:

Ավելի վաղ ժամանակավոր կառավարության կողմնակիցները արդեն ետ էին գրավել կառավարական շենքը Օշում:

Հինգշաբթի օրը Բակիեւի կողմնակիցները գրավել էին կառավարական շենքերը հարավային այդ երկու, ինչպես նաեւ Բատկեն քաղաքում:

Ժամանակավոր կառավարությունը Բակիեւի կողմնակիցներին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի մեջ: