Թուրքիայի լրագրողական ամենահեղինակավոր մրցանակը` «Դինքի սպանությունն ու իրավապահների սուտը» գրքի հեղինակին

Ոստիկանները Օգյուն Սամասթին (կենտրոնում) տեղափոխում են դատարան, Ստամբուլ, հուլիս, 2007թ.

Երեքշաբթի օրը հայտնի դարձավ Թուրքիայի լրագրողական ամենահեղինակավոր` Աբդի Իփեքչիի անվան մրցանակի 2010 թվականի դափնեկրի անունը. մրցանակը ստացավ Milliyet-ի թղթակից Նեդիմ Շեները` «Դինքի սպանությունն ու իրավապահների սուտը» գրքի համար:
Անցած տարի լույս տեսած այս գրքում Շեները փորձել է բացահայտել այն հանգամանքները, որոնք հանգեցրին «Ակոս»-ի խմբագրապետի սպանությանը: Նեդիմ Շեների գրքում նաեւ բացահայտվում են իրավապահների այն գործողությունները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստեցին ստամբուլահայ լրագրողի դեմ կազմակերպված դավադրության հաջող իրագործմանը:

Գրքի լույս ընծայումից անմիջապես հետո մի խումբ իրավապահների պահանջով Շեների դեմ քրեական գործ հարուցվեց: Նրան մեղադրում են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու եւ հակաահաբեկչական գործունեության մեջ ներգրավված անձանց վարկաբեկելու մեջ:

Անցած տարեվերջին գերմանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Milliyet-ի լրագրողն ասել էր. - «Իմ գրքի նպատակը իրավապահներին հարձակման թիրախ դարձնելը չէր: Ես պարզապես ցանկանում էի վերհանել ճշմարտությունը»:

Նեդիմ Շեների դեմ դատական հայց ներկայացրած իրավապահների թվում է նաեւ ոստիկանության գաղտնի գործակալ Էրհան Թունջելը, որն էլ, ըստ քրեական գործի նյութերի, Օգյուն Սամասթին դրդել էր սպանել Հրանտ Դինքին:

«Ակոս»-ի մեկնաբան Բագրատ Էսթուկյանի խոսքով` Milliyet-ի լրագրողի դեմ հարուցված դատական պրոցեսն այժմ էլ շարունակվում է:

«Եթե դատարանը Շեներին մեղավոր ճանաչի, նա կարող է դատապարտվել 28 տարվա ազատազրկման: Սա շատ ավելի խիստ պատիժ կլինի, քան այն, որ նախատեսվում է Դինքի մարդասպանի համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Էսթուկյանը` պարզաբանելով, որ Օգյուն Սամասթը, ըստ ամենայնի, կդատապարտվի 20 տարվա բանտարկության:

Էսթուկյանը փոխանցեց նաեւ, որ Շեների գործով դատական բոլոր նիստերը ուղեկցվում են բողոքի ցույցերով:

«Նեդիմ Շեների աջակիցների մի բանակ է ձեւավորվել: Նիստերի օրերին լրագրողին զորակցություն հայտնելու նպատակով դատարան են գնում նաեւ Հրանտ Դինքի եղբայրներն ու ընկերները», - ասաց «Ակոս»-ի լրագրողը:

Ի պաշտպանություն Նեդիմ Շեների հանդես են գալիս նաեւ երկրի առաջատար լրագրողական կազմակերպությունները: Թուրքիայի լրագրողների ընկերակցությունը, օրինակ, հայտարարություն էր տարածել, որում ասված էր. - «Նեդիմ Շեների նման հետաքննող լրագրողներն են, որ հանցագործությունների մասին տարատեսակ փաստեր բացահայտելով` բավարարում են հանրության տեղեկացված լինելու պահանջը»: