Անդերս Ֆոգ Ռասմուսեն. «Վրաստանի եւ Ուկրաինայի հարցում ՆԱՏՕ-ի դիրքորոշումն անփոփոխ է»

Անդերս Ֆոգ Ռասմուսեն

Չնայած տարաձայնություններին` ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը ունեն համագործակցության լավ հեռանկար։ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Անդրադառնալով Ռուսաստանի համար ցավոտ` ՆԱՏՕ-ի հնարավոր ընդարձակման թեմային, Ռասմուսենը ասել է. - «Վրաստանի եւ Ուկրաինայի հարցում ՆԱՏՕ-ի դիրքորոշումն անփոփոխ է, 2009-ին Բուխարեստում տեղի ունեցած գագաթնաժողովում մենք ընդունել ենք որոշում, որի համաձայն` այդ երկրները կարող են անդամակցել ՆԱՏՕ-ին, եթե ունեն այդպիսի ցանկություն եւ եթե համապատասխանում են անհրաժեշտ չափանիշներին»:

ԱՊՀ-ի տարածքում Ուկրաինայի նախագահական ընտրություններից հետո ստեղծվել է աշխարհաքաղաքական նոր պատկեր: Խոսելով այդ մասին` Ռասմուսենն ասել է, որ այդ հարցում էլ դիրքորոշումը նույնն է. եթե Ուկրաինան ցանկանում միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին` դրա հնարավորությունը մնում է ուժի մեջ, իսկ եթե որոշի հարաբերությունները զարգացնել «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում` դա էլ ՆԱՏՕ-ի համար միանգամայն ընդունելի է։

Հարցազրույցի հիմնական թեման Էստոնիայում ապրիլի 22-23-ը նախատեսված ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հավաքն էր:

Հաղորդելով հավաքի մասին` արեւմտյան լրատվական գործակալությունները նշել են, որ Կանադայի արտգործնախարար Լոուրենս Քենոնը հայտնել է, թե չի կարող մեկնել Էստոնիա, պատճառը` իսլանդական հրաբխի հետեւանքով ամբողջ աշխարհի օդային հաղորդակցության խափանումն է։ Եթե իրավիճակը չշտկվի, չի բացառվում, որ եւս մի քանի երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ ստիպված լինեն չեղյալ հայտարարել այցը Տալլին։