Պակիստանում ձերբակալվել է Բաքվի մզկիթում պայթյունի կազմակերպիչներից մեկը

Պակիստանում ձերբակալվել ու Ադրբեջան է տեղափոխվել Բաքվի Աբու Բեքր մզկիթում 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած պայթյունի կազմակերպիչներից մեկը՝ «Սուլեյման» մականունով Սամիր Մեհթիեւը:

Մզկիթում ռումբի պայթյունի հետեւանքով 2 մարդ զոհվել էր, 18-ը՝ վիրավորվել:

Մեհթիեւը «Անտառային եղբայրներ» կրոնական զինված խմբավորման անդամ էր: Խմբավորման անդամների մեծամասնությանը հաջողվել էր վնասազերձել 2008 թվականի աշնանը: Դատարանը նրանց դատապարտել է տարբեր ժամկետներով ազատազրկման: Մեհթիեւը, սակայն, կարողացել էր թաքնվել:

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հաղորդմամբ, Մեհթիեւը գաղտնաբար անցել էր Վրաստան, այնտեղից՝ Պակիստան: