Արմեն Ռուստամյան. «Հայ-թուրքական արձանագրությունների շրջանառման ֆոնին 252 բանաձեւի ընդունումը առաջին կարեւոր հաջողությունն էր»

ՀՅԴ-ի Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան

«Հայ-թուրքական արձանագրությունների շրջանառման ֆոնին սա առաջին կարեւոր հաջողությունն էր, որ մենք կարողացանք արձանագրել», - գնահատելով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում երեկ տեղի ունեցած քվեարկության արդյունքները, ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հինգշաբթի օրը հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագծին: Օրինագծին կողմ քվեարկեց 23 կոնգրեսական, դեմ` 22 կոնգրեսական:

Ըստ Ռուստամյանի, Կոնգրեսում տեղի ունեցած իրադարձությունների դրամատիկ ընթացքը ցույց տվեց, թե ինչ ծայրահեղ ճիգերի գնով միայն հաջողվեց քվեարկության ընթացքը, գոնե նվազագույն առավելությամբ, թեքել նախագծի ընդունման օգտին, եւ դա այն դեպքում, երբ, Ռուստամյանի հիշեցմամբ, նախկինում այդ նույն հանձնաժողովում համանման բանաձեւերի քվեարկության ժամանակ հայամետ կոնգրեսականների թիվն առնվազն 4-5-ով ավելի էր լինում:

«Կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր հետեւեցին այս քննարկումների ընթացքին, շատ լավ հասկացան, տեսան, թե ինչպես կարող են այս [հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման] արձանագրությունները արգելակել [Հայոց ցեղասպանության] միջազգային ճանաչման գործընթացը», - հայտարարեց Ռուստամյանը։

Արմեն Ռուստամյանը հիմնավորում է. նախկինում ներկայացվող ավանդական փաստարկներին այս անգամ ավելացել է մի նոր` ազդեցիկ փաստարկ, եւ դա հենց արձանագրություններն են: Հենց այդ է պատճառը, որ բանաձեւին նախկինում կողմ եղած մի շարք կոնգրեսականներ այս անգամ դեմ քվեարկեցին` մտածելով, թե այդպիսով օգնում են իրենց կողմից շատ սիրված Հայաստանին, ասում է դաշնակցական պատգամավորը:

Ալեքսանդր Արզումանյան. «ԱՄՆ-ը իր խնդիրներն է լուծում»


Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյան
Հայաստանի նախկին արտգործնախարար, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Ալեքսանդր Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հավանության արժանացած թիվ 252 բանաձեւին սպասվում է նույն ճակատագիրը, ինչի արժանացել են ցեղասպանությունը ճանաչող նախորդ երեք բանաձեւերը։

«Մենք սա արդեն բազմիցս տեսել ենք՝ 2000 թվականին, 2005 թվականին, 2007 թվականին, բանաձեւը անցել է արտաքին հարաբերությունների կոմիտեն, որից հետո ադմինիստրացիայի հորդորներով սպիկերը չի դրել քվեարկության լիագումար նիստի ժամանակ։ Նույն ճակատագիրն է սպասվում, եւ այդ առումով որեւէ անակնկալ չեմ սպասում։ Ավելին, այս տարի շատ ավելի դյուրին կլինի մերժելը, քանի որ այս իշխանությունների ապաշնորհ քաղաքականության հետեւանքով շատ ավելի լուրջ արգումենտներ կան, այն է՝ քանի որ կա հայ-թուրքական մերձեցման գործընթաց, դա կարող է խոչընդոտել եւ չի նպաստի այդ հարաբերությունների կարգավորմանը», - կարծիք հայտնեց նախկին արտգործնախարարը։

Ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ վերջին պահին Օբամայի վարչախումբը օրենսդիրներին հորդորում էր ընթացք չտալ բանաձեւին, նախկին արտգործնախարարը վստահեցնում է, որ նրանք իրենց բոլոր ռեսուրսներն օգտագործելու են լիագումար նիստում քվեարկությունը կանխելու համար. - «Ադմինիստրացիան իր ողջ ռեսուրսը նպատակահարմար չգտավ օգտագործել կոնկրետ այս պահին, քանի որ սա որեւէ բան նշանակող քվեարկություն չէր, եւ ես վստահ եմ, որ այդ ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսը կօգտագործվի, որպեսզի խոսնակը չդնի քվեարկության լիագումար նիստում»։

«Այստեղ ադմինիստրացիան երկու խնդիր է լուծում», - մեկնաբանելով ԱՄՆ-ի կառավարության պահվածքը, ասաց Արզումանյանը. - «Մի կողմից Թուրքիային ի ցույց է դնում, որ կա այսպիսի միտում, եւ շատ հնարավոր է քվեարկությունը լիագումար նիստի ժամանակ, եւ որ ադմինիստրացիան չի կարողանում ազդեցություն գործադրել։ Մյուս կողմից՝ Հայաստանի իշխանություններին ցույց է տալիս, որ ինքը լուրջ միջամտություն չի անում, բայց միայն շահագրգռված է, որպեսզի հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարելավվեն։ [ԱՄՆ-ի վարչակարգը] իր խնդիրներն է լուծում»։

Արմեն Մարտիրոսյան. «Չեմ կարծում, թե ավելի խորը պրոցեսներ կգնան»


«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյան
Ընդդիմադիր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը շատ բարդ համարեց արձանագրությունների վավերացման վերաբերյալ միանշանակ կանխատեսումներ անելը` ընդգծելով, որ թուրքական կողմն է այսօր թելադրում խաղի կանոնները: Պատգամավորը եւս այն կարծիքին է, որ բանաձեւը նախորդների ճակատագրին կարժանանա։

«Սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները ունեն ինչ-ինչ ակնկալիքներ Թուրքիայից. նկատի ունեմ ե՛ւ կոմունիկացիաների խնդիրը, ե՛ւ աֆղանական խնդիրը, ե՛ւ Իրանի հետ կապված խնդիրը, ե՛ւ ռեգիոնալ տարբեր խնդիրներ, այնպես որ, չեմ կարծում, թե ավելի խորը պրոցեսներ կգնան», - կարծիք հայտնեց Արմեն Մարտիրոսյանը։