Դավիթ Հարությունյան. «Մոնիտորինգի հանձնաժողովի պահանջած փաստաթուղթը կներկայացվի ժամանակին»

Դավիթ Հարությունյան

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահություն հայտնեց, որ Հայաստանի խորհրդարանը կհասցնի պահանջվող ժամկետում` մինչեւ մարտի 17-ը, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովին տրամադրել «Մարտի 1»-ի հանձնաժողովի առաջարկությունների իրականացման ժամանակացույցը:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով զեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն հունվարի վերջին հանձնաժողովում տեղի ունեցած մտքերի փոխանակությունից հետո եզրակացրել էին, որ Հայաստանի իշխանությունները պետք է առանց հապաղելու իրականացնեն 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունները: Նրանք շեշտել էին, որ հանձնարարականներն ու առաջարկությունները` հատկապես ոստիկանության եւ Ընտրական օրենսգրքի վաղուց հասունացած բարեփոխումներին վերաբերող, պետք է իրականացվեն առանց հապաղելու: Համազեկուցողները հայտնել էին, որ նամակով դիմելու են Հայաստանի խորհրդարանին` մինչեւ մարտի 17-ին Փարիզում կայանալիք նիստը Մոնիտորինգի հանձնաժողովին նշված բարեփոխումների իրականացման հստակ ժամանակացույցը տրամադրելու խնդրանքով:

«Մարտի 1»-ի հանձնաժողովի եզրափակիչ զեկույցում ներկայացված առաջարկների կատարումը վերահսկելու պարտավորությունը հանձնվել է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովին: Այս ամսվա սկզբին հանձնաժողովի, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ գրավոր դիմել են կառավարությանը` ստանալու ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունից բխող բոլոր հարցերի, ինչպես նաեւ բարեփոխումների իրականացման ժամանակացույցի մասին հարցի պատասխանները:

«Կառավարությունը այս շաբաթվա ընթացքում կուղարկի մեզ պատասխանը` մենք գիտենք, որ այն գրեթե պատրաստ է արդեն, դեռեւս այն չենք ստացել, սակայն մենք աշխատում ենք ճանապարհային քարտեզի վրա ինքնուրույն եւ մշակում ենք մեր մոտեցումները; Կարծում եմ, որ կհամադրենք նաեւ կառավարության հետ, միգուցե հարկ լինի նաեւ լրացուցիչ աշխատանք տանելու, որպեսզի ավելի համահունչ դարձնենք մեր մոտեցումները, սակայն, ամեն դեպքում, վստահ եմ, որ մարտի 17-ին մենք հնարավորություն կունենանք ներկայացնելու այն», - ասաց Դավիթ Հարությունյանը:

Համազեկուցողները իրենց հայտարարության մեջ նշել էին, որ գարնանը Երեւան են գալու եւ ճանապարհային քարտեզից զատ` մտադիր են բարձրացնել նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի ազատազրկման հարցը` ակնկալելով պարզաբանումներ ստանալ Հայաստանի իշխանություններից:

Փաշինյանին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել, եւ դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընդհանրապես չի անդրադարձել համաներման կիրառման խնդրին:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք կարո՞ղ էր դատավորը Փաշինյանի նկատմամբ չկիրառել համաներում, խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը պատասխանեց. - «Անկեղծորեն ասած, ես համարում եմ, որ ոչ թե կարող է, այլ պետք է կիրառվի, եւ համաներման բուն էությունը դա է, անկախ նրանից` ինչ ժամկետով կդատապարտվի անձը, որովհետեւ այն հոդվածները, որով մեղադրվել է Նիկոլ Փաշինյանը, այդ բոլոր հոդվածները ընդգրկված են համաներման որոշման մեջ: Ուստիեւ անխուսափելիորեն համաներումը պետք է կիրառվի»:

Սակայն, ինչպես պարզաբանեց Դավիթ Հարությունյանը, «համաներում կիրառելը չի նշանակում պատժից ազատում, եւ դա կախված է լինելու, թե ինչ ժամկետ է ազատազրկման որոշում դատարանը. որոշ դեպքերում դա պատժից ազատում է, որոշ դեպքերում դա պատժի կրճատում է»: