«Կենսաթոշակային նոր համակարգը ապահովելու է նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք եկամուտ»

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանի մեկնաբանությամբ, կառավարության ներկայացրած կենսաթոշակային բարեփոխումների փաթեթով նախատեսվում է թոշակառուի համար ապահովել նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք եկամուտ։
Երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը, Արտեմ Ասատրյանը, ինչպես նաեւ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, որոշ պարզաբանումներ ներկայացրեցին կենսաթոշակային ոլորտում նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ։ Կառավարությունը առաջարկում է անցում կատարել կենսաթոշակների վճարման բաշխողականից կուտակային համակարգի։ Նոր համակարգը պարտադիր է լինելու մինչեւ 40 տարեկան անձանց համար, եւ նախատեսում է, որ իրենք՝ աշխատողները, պետք է տարիների ընթացքում կուտակեն իրենց թոշակները, մասնավոր կենսաթոշակային ֆոնդերին փոխանցելով իրենց աշխատավարձի 5 տոկոսը, իսկ պետությունը կկրկնապատկի կուտակվող գումարը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարի ձեւակերպմամբ, գործող համակարգով կենսաթոշակի չափը սահմանվում է քաղաքական որոշմամբ, ինչը «անորոշության մեջ է գցում քաղաքացուն իր ապագայի նկատմամբ»։

Արտեմ Ասատրյանը, մասնավորապես, ասաց. - «Նոր համակարգի շրջանակներում ձեւավորվելու են այն մեխանիզմները, այն գործիքները, որոնք նաեւ թույլ են տալու քաղաքացիներին ե՛ւ միջամտել այդ գործընթացին, եւ՛, նաեւ տեղյակ լինելով, գիտակցված որոշումներ կայացնել»։

Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը նույնպես կարծում է, որ գործող «սերունդների համերաշխության» սկզբունքը արդյունավետ չէ. - «Համակարգից օգտվողների թվաքանակը շատ ավելի մեծ է, քան վճարողներինը։ Եթե մենք ապագայում բարձրացնենք կենսաթոշակները, սա տանելու է դեպի դեֆիցիտային համակարգի։ [Գործող համակարգը] արդար չէ, որովհետեւ մենք ստանում ենք որոշակի աշխատավարձ, գալիս է կենսաթոշակի անցնելու տարիքը, միանգամից ընկնում ենք սոցիալապես անապահով խավի մեջ»։