Արմեն Գեւորգյանը չի բացառում, որ ապագայում կարող է անդամակցել ՀՀԿ-ին

Տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը լրագրողների հետ հանդիպմանը, 1-ը հունվարի, 2010

Հայաստանի տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը չբացառեց, որ ապագայում կարող է անդամակցել իշխող Հանրապետական կուսակցությանը:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ Գեւորգյանը ասաց, թե իր կուսակցական պատկանելության հարցը բարձրացվել է իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի վերջին համագումարում:

«Իմ վերջին 12 տարվա գործունեությունը պետական համակարգում ամենասերտ ձեւով կապված է եղել Հայաստանի հանրապետական կուսակցության հետ», - շարունակեց նա: - «Իսկ վերջին 2 տարվա իմ գործունեությունը, ուղղակիորեն բխում է Հայաստանի հանրապետական կուսակցության գործունեությունից: Տրամաբանական է լինելու, որ ապագա իմ գործունեության առումով նույնպես այդ ամեն ինչը պետք է կապված լինի Հանրապետական կուսակցության հետ: Երբ որ որոշում կլինի այդ հարաբերությունը ֆորմալիզացնել՝ անդամակցության առումով, անպայման ես ձեզ տեղյակ կպահեմ»:

ՀՀԿ-ի վերջին համագումարում, հիշեցնենք, կուսակցությանն անդամակցեցին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Էկոնոմիկային նախարար Ներսես Երիցյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, մի շարք բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Արմեն Գեւորգյանը, հիշեցնենք, աշխատել է Հայաստանի նախկին նախագահ, հայաստանյան որեւէ կուսակցության չանդամակցող Ռոբերտ Քոչարյանի հետ՝ վերջինիս Հայաստանում վարչապետ նշանակվելուց մինչեւ նախագահական երկրորդ ժամկետի ավարտը:

Հարց հնչեց, թե կոնկրետ ի՞նչ բիզնեսներ ունի, որտեղի՞ց է շահաբաժին ստանում, որքա՞ն աշխատավարձ է ստանում եւ արդյո՞ք գոհ է դրա չափից: Փոխվարչապետը նախ ասաց, թե ինչ էլ պատասխանի, միեւնույն է՝ լրագրողներն իրենց ուզածն են գրելու»:

Գեւորգյանը, այդուհանդերձ, շարունակեց. - «Ես մեկ անգամ եւս ֆիքսում եմ, որ այդպիսի փայաբաժիններ կամ բիզնեսներ, որը Արմեն Գեւորգյանն է հովանավորում կամ կուրացիա է անում կամ կոնտրոլի տակ է պահում, չունեմ եւ չեմ էլ պատրաստվում առաջիկայում ունենալ: Աշխատավարձը, ես կարծում եմ, ինչպես բոլորիդ այստեղ նստածներիդ, նույնպես իմ աշխատավարձն էլ ինձ չի բավարարում»:

Տարածքային կառավարման նախարարը, ամփոփելով 2009 թվականի արդյունքները, տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման տեսակետից կարեւորեց Երեւանի ավագանու ընտրությունները, երբ առաջին անգամ կիրառվեց կուսակցական սկզբունքով ձեւավորման մոդելը: Արմեն Գեւորգյանի համոզմամբ, այդ սկզբունքով ընտրված մարմինը ավելի մրցունակ ու աշխատունակ է: Ավելին, նրա խոսքով՝ մայրաքաղաքի ավագանին դարձել է «կարծիքների հարթակ»:

«Այն հանգամանքը, որ ընդդիմությունը այսօր չի մասնակցում այդ ավագանու աշխատանքներին, դա ընդդիմության գործն է: Իրենք այդ հնարավորությունը ունեն, ընտրված նաեւ ավագանու անդամներ ունեն, եւ եթե ընդդիմությունը քաղաքի հոգսերով, դարդերով իրոք մտահոգված է, ապա, կարծում եմ, իրենք այսօր էլ այդ հնարավորությունը ունեն, թող գնան մասնակցեն», - ասաց նա:

Երեւանի ավագանում, հիշեցնենք, անցած տարեվերջին լարված էին հարաբերությունները ՀՀԿ-ի ու «Բարգավաճ Հայաստան»-ի խմբակցությունների միջեւ: Վերջինս հայտարարում էր, թե նման կառույցում փոքրամասնություն կազմող ուժի համար աշխատանքի տեղ չկա, եւ լրջորեն քննարկում էր մանդատները վայր դնել-չդնելու հարցը:

Արմեն Գեւորգյանը, մինչդեռ, այսօր պնդեց, թե այդ ամենի հետ մեկտեղ, կառույցը կարելի է կայացած համարել. - «Ավագանիում այն, ինչ որ տեղի է ունենում, համենայնդեպս այն, ինչ որ ես գիտեմ, ոչ թե մամուլի հրապարակումներով, այլ ինչ որ ես գիտեմ ավագանու նիստերից, ավագանու նիստերից դուրս քննարկումներից, ԲՀԿ-ի ֆրակցիան ունի ինչ-որ հարցերի նկատմամբ իր դիրքորոշումը, եւ, կարծում եմ, այսօր այդ հնարավորությունը ունի իր դիրքորոշումը հասցնելու: Կարծում եմ, որ կամաց-կամաց, բայց ձեւավորվում են նորմալ աշխատանքային, մրցակցային հարաբերություններ»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, փոխվարչապետը «օբյեկտիվ իրականություն» գնահատեց այն, որ սեփական բյուջե ձեւավորելու իրավունք ստացած Երեւանը Հայաստանի պետական բյուջեի միջոցներով գոյատեւող համայնք է: 2010 թվականին մայրաքաղաքը իր ծախսերի միայն մեկ քառորդն է հոգալու սեփական եկամուտների հաշվին, քանի որ, ինչպես ասաց Գեւորգյանը, եկամուտների հիմնական մասն ապահովող հողի հարկի եւ գույքահարկի մեծությունը սահմանվել է դեռ 1994-1996 թվականներին:

«Դա գործող օրենսդրության շրջանակներում է այդպես», - հավելեց նա: - «Օբյեկտիվությունը դրանով է պայմանավորված: Բայց դա նորմալ չէ, որովհետեւ դա հնարավորություն չի տալիս, որպեսզի քաղաքը ինքնուրույն, իր սեփական եկամուտների հաշվին իր սեփական ծրագրերը իրականացնի: Այդ իսկ պատճառով այսօրվա մեր վիճակը մենք փորձելու ենք շտկել»: