Իրանում հեռակառավարվող ռումբի պայթյունից համալսարանական պրոֆեսոր է սպանվել

Այսօր Թեհրանում հեռակառավարվող ռումբի պայթյունից սպանվել է համալսարանական պրոֆեսոր Մասուդ Մոհամադին:

Իրանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ` գիտնականը սպանվել է իր տան մոտ, երբ պայթել է ականապատված մոտոցիկլետը:

Հաղորդագրություններում Մասուդ Մոհամադին բնորոշվում է որպես 1979 թվականի Իսլամական հեղափոխության հավատարիմ կողմնակից:

Կան չհաստատված տեղեկություններ, որ 50-ամյա պրոֆեսորը միջուկային ֆիզիկայի մասնագետ էր, սակայն Իրանի վիճահարույց միջուկային ծրագրում նրա հնարավոր դերի մասին ոչինչ չի հաղորդվում:

Իրանի ներքին գործերի նախարարության մի բարձրաստիճան պաշտոնյա հայտնել է, որ սպանության փաստի կապակցությամբ քննություն է իրականացվում, իսկ պետական IRIB հեռուստառադիոընկերությունը պնդում է, թե ռմբահարման հետեւում կանգնած են «հակահեղափոխական տարրերը»: