Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայացան Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունները

Հայաստան -- Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ, 10-ը հունվարի, 2010թ.

Հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայացան Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ։ Պատգամավորական մանդատի համար պայքարում են Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց թիվ 10 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը, ընտրատեղամասերը փակելու պահին քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը կազմել է 13 հազար 566 մարդ, ինչը կազմում է գրանցված 55 հազար 810 ընտրողների ընդհանուր թվի 24 տոկոսը։

Այս ցուցանիշը ավելի քան կրկնակի պակաս է նույն ընտրատարածքում 2007 թվականի մայիսի 12-ին անցկացված ընտրություններին գրանցված ցուցանիշից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքէջի տվյալներով, 2007 թվականի պատգամավորական ընտրություններին այս ընտրատարածքում մասնակցել էր գրանցված ընտրողների ավելի քան 53 տոկոսը։

Ընտրությունների ընթացքում արձանագրվել են լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքեր, իսկ թիվ 10/09 ընտրատեղամասի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում երեք հոգի՝ Նիկոլ Փաշինյանի նախընտրական ենթաշտաբի պետ Պետրոս Մակեյանը, նրա որդին՝ Կարեն Մակեյանը եւ տվյալ տեղամասում Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Սուրեն Մարտիրոսյանը վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել են հիվանդանոց:

Կայացած ընտրությունները առանձնահատուկ էին այն պատճառով, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ընտրություններին մասնակցող թեկնածուն՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը գտնվում է անազատության մեջ: Նա կալանքի տակ է 2009 թվականի հուլիսի 1-ից՝ 2007-2008 թվականներին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեղադրանքներով, եւ իր նախընտրական քարոզչությունն իրականացրել է կալանավայրից։

Դեկտեմբերի վերջին Փաշինյանի նախընտրական շտաբի ակտիվիստների վրա հարձակում էր կատարվել, որի արդյունքում խոչընդոտվել էր հօգուտ ընդդիմադիր գործչի իրականացվող քարոզչությունը։

Ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են հօգուտ Արա Սիմոնյանի ընտրակեղծիքներ իրականացնել։ «Ազգային միաբանության» թեկնածուն, սակայն, հայտարարում է, որ ընտրություններում կեղծիքներ թույլ չի տա, իսկ իշխող կուսակցությունը իրեն չի սատարում:

Ընտրություններում մեկ այլ թեկնածու՝ Դավիթ Հակոբյանը, ընդհանրապես հրաժարվել էր ընտրարշավ իրականացնել, պատճառաբանելով, որ միջոցներ չունի եւ ժողովուրդը իրեն առանց այն էլ շատ լավ ճանաչում է։

Թիվ 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորական մանդատը թափուր է մնացել խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի մանդատը վայր դնելուց հետո։