Հրանտ Մարգարյանը հայ-թուրքական հարաբերություններում «անկեղծության» կոչ է անում

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան

Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, քննադատելով Հայաստանի իշխանություններին, անկեղծության կոչ է արել՝ Սահմանադրական դատարանին եւ Ազգային ժողովին առաջարկելով համապատասխան մեկնաբանություններով հստակեցնել, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արդյունքում «Ցեղասպանության հարցը որեւէ կերպ քննության նյութ չի կարող լինել»։
Երեւանում ՀՅԴ-ի 119-ամյակի առիթով կազմակերպված արարողությանը հնչեցրած ելույթում Հրանտ Մարգարյանը հիմնականում անդրադարձել է հայ-թուրքական արձանագրություններին՝ իշխանություններին մեղադրելով «այսրոպեական հաշիվներից» ելնելով սերունդների իրավունքը «մանրադրամի» վերածելու մեջ։

«Մենք հասկանում ենք` այսօր Հայատանը հնարավորություն չունի Թուրքիայից հողային պահանջի օրակարգ ունենալ, սակայն պահանջ ներկայացնելը մեկ հարց է, պահանջից հրաժարվելը` այլ», - նշել է Մարգարյանը՝ հավելելով. - «Վստահ եմ, այո, կար միջազգային շահագրգռություն Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, նույնիսկ շութափույթ կարգավորման հարցում։ Սակայն չէր կարող լինել շահգրգռություն Հայաստանի կողմից Թուրքիայի նախապայմանները ընդունելու հարցում, չկար նման ճնշում»։

Դաշնակցական գործչի կարծիքով, Հայաստանը զիջել է նախքան բանակցությունները` «մեր հայտարարություններով, որովհետեւ խորապես չենք գիտակցել զիջման հետեւանքները»։

Դրությունը շտկելու համար ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը իշխանություններին անկեղծության կոչ է անում. - «Առաջարկում եմ. եթե անկեղծ եք, թող Սահմանադրական դատարանը իր մեկնաբանություններով, իսկ Ազգային Ժողովը` իր վերապահումներով հստակեցնի, որ Ցեղասպանության հարցը որեւէ կերպ քննության նյութ չի կարող լինել, թող հստակեցվեն արձանագրությունների խնդրահարույց կետերը։ Հստակ, իրավական ձեւակերպում տվեք, որ Հայաստանի Հանրապետությունը այդպես չի հասկանում եւ չի ընդունում»։