Դեկտեմբերի 19-ի մամուլ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Վերջերս կառավարությունը որոշել է գրել «Արտահանման խթանման հայեցակարգ»: Սակայն նմանատիպ բաներ գրելու մեջ «խորը մասնագիտացած» մեր կառավարությունում որեւէ մեկը հանձն չի առել նման հայեցակարգ գրել: Այս հարցով, ըստ մեր ունեցած տեղեկությունների, վարչապետ Տիգրան Սարգսյանը հատուկ խորհրդակցություն է անցկացրել: Տեւական քննարկումներից հետո, երբ պարզվել է, որ ոչ ոք իր վրա չի վերցնում այդ գործը, վարչապետը սկսել է հանդիմանել կառավարությանը, թե նրանց մոտ ինտելեկտի պակաս է զգացվում, եւ սպառնացել է, որ այդ հայեցակարգի մշակումը կհանձնարարի Կենտրոնական բանկին, որտեղ կա ինտելեկտի համապատասխան մակարդակ: Հետո պարզվել է, որ ԿԲ-ում էլ նման հայեցակարգ չեն պատրաստվում գրել: Վարչապետը որոշել է, որ այդ հայեցակարգը պետք է մշակի միջազգային ճանաչում ունեցող մասնագիտացած որեւէ ընկերություն: Վարչապետը հանձնարարել է իր ենթականերին` գտնել այդպիսի մի կազմակերպություն: Նա նույնիսկ սահմանել է այն գումարը, որը կառավարությունը պատրաստ է վճարել այդ հայեցակարգի մշակման դիմաց` 300 հազար դոլար: Նման ընկերություն գտնում են` ամերիկյան «ՄաքՔենզի» ընկերությունը: Պարզվում է, սակայն, որ այդ ընկերությունն իր աշխատանքի դիմաց ակնկալում է ստանալ ոչ թե 300 հազար, այլ 3 միլիոն դոլար: Այդքան փող կառավարությունը չի կարող հատկացնել մեկ հայեցակարգի մշակման համար: Ու հիմա Հայաստանը ունի երեւի թե բնության մեջ հնարավոր բոլոր հայեցակարգերն ու ծրագրերը, բացի արտահանման խթանման հայեցակարգից: Ամենայն հավանականությամբ, այդ հայեցակարգը կգրեն այն նույն մարդիկ, ովքեր գրել են Կոռուպցիայի դեմ պայքարի, «Հայկական աշխարհ», Դիլիջանը միջազգային ֆինանսական կենտրոն, «Տուն արի» եւ նյուվասյուկիատիպ այլ բազմաթիվ հեքիաթները»: «Արդունքը, սակայն, միշտ եղել է նույնը. ստացվել է հակառակ էֆեկտ», - ամփոփում է թերթը:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը անդրադառնում է մամուլի մասին նոր օրինագծի շրջանառման` կոալիցիայի նախաձեռնությանը, մեկնաբանելով. - «Եթե մի կողմ թողնենք բոլոր իրավական նրբերանգները, ապա «նախաձեռնության» իմաստն այն է, որ «Զրպարտություն» եւ «Վիրավորանք» հոդվածներով լրագրողներին չեն կալանավորի, բայց մի լավ կտուգանեն: Ընդ որում, «պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի» արատավորման դեպքում տուգանքները կարող են հասնել մի քանի միլիոն դրամի: Թե ինչու են իշխանությունները բարիացել ու որոշել հրաժարվել անցանկալի լրագրողներին «օրենքով» կալանավորելու հնարավորությունից` հասկանալի է: Լրագրողի կալանքը լուրջ գլխացավանք է, միջազգային ատյաններում աղմուկ է բարձրանում եւ այլն, իսկ «սուսուփուս տուգանելով» կարելի է սնանկացնել ցանկացած լրատվամիջոց եւ վերջ»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը գրում է. - «[ԵԽԽՎ-ի] Մոնիտորինգի հանձնաժողովի նիստից գոնե Ջոն Պրեսկոտի բացակայությունը միանգամայն սպասելի էր։ Բանն այն է, որ ԵԽԽՎ բյուրոյի որոշմամբ, Ջոն Պրեսկոտը Կոպենհագենում այս օրերին ընթացող միջազգային կոնֆերանսում պետք է զեկույց ներկայացնի կլիմայի փոփոխությանը վերաբերող թեմաներով, ինչպես նաեւ գլխավորի ԵԽԽՎ պատվիրակությունն այդ համաժողովում։ Այդ մասին հայտնել է Դավիթ Հարությունյանը։ Ինչ վերաբերում է Ժորժ Կոլոմբիեին, ապա առայժմ հայտնի է միայն, որ նա ինչ-որ անհետաձգելի հանդիպում է ունեցել իր ընտրողների հետ՝ Փարիզից բավական հեռու։ Թերեւս նա ինչ-որ ողջամիտ բացատրություն կներկայացնի իր բացակայությունը հիմնավորելու համար, եթե, իհարկե, Զարուհի Փոստանջյանը մինչ այդ նրան գործից չազատի։ Ամեն դեպքում, այս պատմության մեջ հիմնականն այն է, թե ի՞նչ նշանակություն կամ հետագա զարգացում պետք է կամ կարող էր ունենալ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի այդ նիստում Հայաստանի վերաբերյալ հարցի՝ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նշված զեկույցի քննարկումը»։ Մի շարք փաստարկներ վկայաբերելով` հոդվածագիրը միանգամայն չհիմնավորված է համարում ընդդիմության այն պնդումները, թե ԵԽԽՎ-ն «Մարտի 1»-ի համատեքստում ճնշում է Հայաստանին` Ղարաբաղի հարցում զիջումներ ստանալու ակնկալիքով»:

«168 ժամ»-ը գրում է. - «Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության նպատակով ստեղծված, սակայն մի քանի ամիս առաջ լուծարված փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը հաջորդ տարվա սկզբին պատրաստվում են նոր զեկույց հրապարակել: Զեկույցը, ինչպես երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը, ներառելու է բազմաբովանդակ հարցեր` սկսած մարտի 1-ին կատարված սպանությունների, թալանով զբաղված անձանց ու դրանց տերերի վերաբերյալ նյութերից, վերջացրած պաշտոնյաների հետ փաստահավաք խմբի անդամների հարցուպատասխանների տեսագրություններով: Հատկապես վերջին հատվածը ուշագրավ է այն առումով, որ ընդամենը մի քանի օր առաջ մամուլում հրապարակվեց պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հրամանը` 2008 թվականի փետրվարի 23-ից զինված ուժերը «զորանոցային վիճակի» բերելու մասին: Սեդա Սաֆարյանն ասել է, որ զեկույցին կից ներկայացվելիք տեսագրություններում ներառված են լինելու նաեւ Միքայել Հարությունյանի հետ փաստահավաք խմբի անդամների հարցուպատասխանը պատկերող դրվագներ, որոնցում վերջինս կտրականապես հրաժարվում է որեւէ փաստաթղթի վերաբերյալ որեւէ պատասխան տալուց»:

«Կապիտալ»-ը գրում է. - «Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում մրցակցությունը գնալով սրվում է, ինչն արտահայտվում է բջջային օպերատորների կողմից անընդհատ նոր սակագների, ծառայությունների ու պրոդուկտների տրամադրումով: Բջջային կապի շուկայում թափանցելիության բարձր մակարդակը օպերատորներին ստիպում է մրցակցել նաեւ ինտերնետ հասանելիություն ապահովելու հարթությունում, խորշ, որտեղ չափազանց մեծ տարածք կա ծավալվելու համար: Internet World Stats վիճակագրական կայքի գնահատականներով՝ այս տարվա սկզբին Հայաստանում ինտերնետի թափանցելիության մակարդակը կազմել է ընդամենը 5,8 տոկոս (172,8 հազար բաժանորդ)»: