Մոնիտորինգի հանձնաժողովը Հայաստանի հարցը չի քննարկի` զեկուցողների բացակայության պատճառով

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի հինգշաբթի օրվա նիստում նախատեսված` Հայաստանի Ազգային ժողովի «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի քննարկումը չի կայանա` Հայաստանի հարցով համազեկուցողների բացակայության պատճառով:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, Ազգային ժողովի «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի բացակայությունը որեւէ կերպ չի հիմնավորվել նիստի ժամանակ:

«Պարոն Կոլոմբիեն որեւիցե գրավոր փաստաթուղթ չէր ներկայացրել, թե ինչու է բացակայում: Ես քարտուղարությունից պարզեցի, որ նա զանգահարել եւ բանավոր հայտնել է, որ զբաղված է իր խորհրդարանական գործունեությամբ` Ֆրանսիայի պառլամենտում, եւ այդ իսկ պատճառով չի կարող մասնակցել նիստին: Իսկ պարոն Պրեսկոտը այս պահի դրությամբ մասնակցում է Կոպենհագենում մի շատ կարեւոր իրադարձության, որը վերաբերում է շրջակա միջավայրին` դա էր նրա հիմնավորումը, թե ինչու է բացակայում», - ասաց Զարուհի Փոստանջյանը:

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, սակայն, «եթե տվյալ անձանց գործունեությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում նաեւ որպես Հայաստանի հարցով զեկուցողներ հանդես գալն է, ապա նրանք չպետք է անտեսեին կամ երկրորդական դասեին Հայաստանի հարցով զեկուցումը»:


Ռուզաննա Ստեփանյան