Թեհրանում ոստիկանությունը ճնշում է ընդդիմության բողոքի ցույցը

Թեհրան, դեկտեմբերի 7,2009

Իրանի ոստիկանության ներկայացուցիչները այսօր արցունքաբեր գազ եւ մահակներ են օգտագործել մայրաքաղաք Թեհրանի հրապարակում` հակակառավարական կոչեր հնչեցնող ընդդիմադիրների բողոքի ակցիան ցրելու համար. այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությունը։

Այսօր Իրանում նշում են Ուսանողի օրը: Օգտվելով ընձեռված հնարավորությունից` ընդդիմադիրները դուրս են եկել փողոց,ինչպես նրանք են նշում` «ցույց տալու համար, որ երկրում բարեփոխական շարժումը կենդանի է»։

Ներկաների վկայությամբ` բողոքի ցույցերը դեռ գիշերվա ընթացքում են սկսել,երբ ընդդիմության ակտիվիստները, շենքերի կտուրներին բարձրանալով, հորդառատ անձրեւի տակ սկսել են վանկարկել` «Մահ բռնակալին»։Առավոտյան արդեն
ոստիկանությունը շրջափակել է Իրանի ամենամեծ ուսումնական հաստատությունը` Համալսարանի շենքը`կանխելու համար ուսանողների ցույցը։ Իրավապահները, ըստ ներկաների,ե՛վ համալսարանի շրջակայքն են պահպանում, ե՛վ մոտակա փողոցները։

Ռոյթեր գործակալությունը, հղում կատարելով ընդդիմության կայք-էջին,տեղեկացնում է, որ առնվազն երկու կին ձերբակալվել է։ Նրանք,գործակալության փոխանցմամբ,կանաչ ժապավեններ են կրել,ինչը Իրանում ընդդիմադիր շարժման խորհրդանիշն է։

Տեղեկություններ կան նաեւ այն մասին,որ համալսարանի շրջակայքում չի գործում բջջային կապը։