Թուրքիայի պետական ապարատում առաջարկվող պաշտոնի հետ կապված վեճ հայ համայնքում

Թուրքիայի եւ Եվրամիության դրոշները Ստամբուլում

Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշի գրասենյակում Եվրամիության հետ հարաբերությունների քարտուղարություն է ձեւավորվում, որում ընդգրկվելու են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, այդ թվում` մեկ ներկայացուցիչ հայ համայնքից: Այս աշխատատեղը, ըստ թուրքական մամուլի, հակասություն է առաջացրել Պոլսո Հայոց պատրիարքարանի եւ հայ համայնքի միջեւ` թե ով պետք է կատարեր հայ թեկնածուի ընտրությունը:
Վերջերս լրատվամիջոցները հաղորդեցին, որ հայ համայնքից ընտրվել է Լեո Սուրեն Հալեպլին: Նա Ստամբուլից է, 27 տարեկան: Քարտուղարությունում աշխատելու համար քննությունը անցել է, ու ակնկալվում է, որ կլինի Թուրքիայի առաջին հայազգի քաղաքացին, ով աշխատանքի կանցնի կառավարությունում` Եվրամիության հետ հարաբերությունների քարտուղարությունում: Նրա թեկնածությունը ուսումնասիրում է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը:

Պոլսո Հայոց պատրիարքարանի «Լրաբեր» կայքում հայտարարություն էր տեղադրվել թեկնածուների դիմումները ընդունելու համար: Հարյուրավոր դիմումներ էին ստացվել, բայց մամուլի հրապարակումներից հետո հայտարարությունը անմիջապես հանվել է կայքից:

Պատրիաքարանից Ժանետ Դոնելը «Հյուրեթ»-ին ասել է, թե երկու ամիս առաջ հարցազրույցներ են սկսել դիմումատուների հետ, եւ հայտարարել է, թե նշված թեկնածուին իրենք չեն ընտրել:

«Ակոս» թերթից Բագրատ Օզտուկյանը քննադատել է Պատրիարքարանին` ասելով, թե աբսուրդ է, երբ հայտարարվում է երկու ամիս առաջ սկսված հարցազրույցների մասին, որովհետեւ հոգեւորական չէ, որ ընտրվում է:

Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գուչունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստիացրեց, թե Պատրիաքարանի ու հայ համայնքի միջեւ հակասությունների որեւէ խնդիր չկա: Նրա փոխանցմամբ` այս գործընթացին Պատրիարքարանի մասնակցության մասին խոսակցությունները թյուրիմացությունների արդյունք են, դրանց պատճառն էլ թուրքական մամուլի չհիմնավորված հրապարակումներն են: Ըստ Գոչունյանի` սկզբնական փուլում Պատրիարքարանից պարզապես միջնորդություն են խնդրել. ընտրված թեկնածուն պետք է տիրապետի հայերենին, իսկ հայերեն իմացող Թուրքիայի քաղաքացիները, որպես կանոն, Պատրիարքարանի հոտին են պատկանում: Վերջնական ընտրություն կատարողը, մինչդեռ, Պատրիարքարանը չէ, պետությունն է, պետական տվյալ կառույցն է, քանի որ պետությունն է աշխատող ընդունում, այլ ոչ թե Պատրիարքարանը:

«Դժբախտաբար, ե'ւ տեղական մամուլը, ե'ւ հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ, որոնք գուցե ակնկալիքներ ունեն այսպիսի մթնոլորտ ստեղծելուց, բանավեճ են ստեղծել, որը իմաստ չունի», - ընդգծեց Արա Գոչունյանը:

Հայ համայնքի այլ ներկայացուցիչներ եւս պնդում են, որ թուրքական մամուլը ուռճացրել է այս հարցը: Բողազիչի համալսարանի նախկին աշխատակից, հիմա թոշակի անցած Արսեն Աշիկը քննադատել է թուրքական մամուլի մոտեցումները` ասելով, թե այս պատմությունում ընդգծվում է, որ թեկնածությունը պետք է քննվի ազգային հետախուզական ծառայության կողմից, հետեւաբար` մամուլը փորձում է ազգային փոքրամասնությունների դեմ սադրիչ արձագանքներ ձեւավորել: «Հարցն այնպես է ներկայացվում հանրությանը, ասես պետական գաղտնիք լինի», - շեշտել է Աշիկը:

Ինչպես նշում է թուրքական մամուլը, թե' Օսմանյան կայսրությունում, թե' Թուրքիայի Հանրապետությունում հայազգի քաղաքացիները պետական պաշտոններ զբաղեցրել են, բայց 1968 թվականից սկսած Թուրքիայի հայազգի քաղաքացիներ պետական ապարատում պաշտոններ չեն ստացել: