«Հայկական համերգ կամ թուրքական ասացվածք»

Ժերար Թորիկյանը «Հայկական համերգ կամ թուրքական ասացվածք» մոնոներկայացման ժամանակ

Արդեն երկրորդ օրն է՝ Ստամբուլում ներկայացվում է ֆրանսիահայ կոմպոզիտոր Ժերար Թորիկյանի եւ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Հայկական համերգ կամ թուրքական ասացվածք» ներկայացումը: Շուրջ մեկ ժամ տեւողությամբ այս մոնոներկայացումը պատմում է ծագումով հայ կոմպոզիտորի մտորումների, անցյալի հիշողությունների եւ դեպի արմատները վերադառնալու ցանկության մասին։
«Ես սերում եմ հայկական հողից, որն այժմ թուրքերին է պատկանում, իմ նախնիները Խաթունյաններ են եղել, ազգանուն, սակայն, որ մի շարք գողտրիկ, իսկ որոշ դեպքերում՝ ողբերգական իրադարձությունների արդյունքում ձեւափոխվել, դարձել է Թորիկյան», - պատմում է պիեսի հեղինակ, կոմպոզիտոր եւ դերակատար Ժերար Թորիկյանը իր ինտերնետային էջում։

«Ինձ երբեք հանգիստ չեն տվել հարցերը՝ ինչպե՞ս է այդ ողբերգությունն ազդել մեզ ու ինձ վրա, ինչպիսի՞ն ես կլինեի, եթե պատմությունն այս կերպ չզարգանար, եւ հնարավո՞ր է արդյոք մոռանալ, ինչ-որ բան փոխել կամ ներել», - խոստովանում է հանրաճանաչ կոմպոզիտորն ու ներկայացման միջոցով եւ ներկայացման ընթացքում փորձում գտնել այդ հարցերի պատասխանները։

Սցենարի համաձայն, կոմպոզիտորը պատրաստվում է համերգի՝ Հոմերոսի «Ոդիսականի» մոտիվներով, եւ մենակ մնալով ինքն իր հետ` տրվում մտորումներին։

«Ոդիսականի ընտրությունը պատահական չէ», - ասում է Ժերար Թորիկյանը եւ պարզաբանում. - «Մի անգամ, երբ աչքի անցկացրի դեռեւս մանկապարտեզում արած իմ նկարները, հայտնաբերեցի, որ հիմնականում իմ հերոսը սեփական տուն՝ Իթակա շտապող Ոդիսեւսն է եղել...Ես փորձեցի ավելի խորը նայել եւ գտնել՝ որտեղից է սկսվում եւ ուր է տանում ի'մ ոդիսականը»։

Թորիկյանի խոսքը բեմում հախուռն է, երբեմն՝ կտրտված ու անավարտ, իսկ երբ բառերն այլեւս չեն հերիքում, օգնության է գալիս երաժշտությունը։ «Սա ճանապարհորդություն է՝ նոտաների եւ բառերի համադրությամբ, որը գնալով թափ է հավաքում եւ ի վերջո դառնում ձոն մոռացված մանկությանը եւ նորացված հույսին», - ասել է բեմադրության ռեժիսոր Սերժ Ավետիքյանը։

Թուրքիայում պիեսի բեմադրությունը հովանավորել են Ստամբուլի ֆրանսիական մշակույթի կենտրոնը՝ «Կուլտուրֆրանսը» եւ Գյուլբենկյան հիմնադրամը։ «Հաշտության կոչ բեմից», - այսպես են արձանգանքել ներկայացմանը թուրքական օրաթերթերը։

«1915 թվականին մեծ ողբերգություն, ցեղասպանություն է տեղի ունեցել, սակայն մենք պետք է առաջ շարժվենք», - «Հյուրիեթ»-ի հետ զրույցում ասել է Ժերար Թորիկյանը։

Ռեժիսոր Սերժ Ավետիքյանն էլ, հորդորելով աջակցել հայ - թուրքական ստորագրված արձանագրություններին, «Հյուրիեթ»-ին ասել է. - «Կուզեի, որ խաղաղությունը լիներ մեր նպատակը, եւ այդ հաշտեցումը արձագանք գտներ մարդկանց ուղեղներում եւ ոչ թե քաղաքական գործիչների ստորագրություններում»։