Հայաստանում «խոզի գրիպի» դեպք դեռ հայտնաբերված չէ

Հայաստանում «խոզի գրիպի» որեւէ դեպք դեռ հայտնաբերված չէ, բայց քանի որ հարեւան երկրներում վարակը արագորեն տարածվում է, այդ երկրներից ժամանողների նկատմամբ վերահսկողությունը խստացված է: Չորեքշաբթի օրը այդ մասին հայտարարեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
Նախարարի փոխանցմամբ` պահեստավորվել է մեծ քանակով «Տամիֆլյու» դեղորայք, հրահանգել է ձեռք բերել դեղորայքի լրացուցիչ խմբաքանակ, որը գրիպի ցանկացած տեսակով հիվանդ կարող է ընդունել:

Իսկ ինչ վերաբերում է պատվաստումներին, ապա Քուշկյանը հայտնեց, որ պատվաստանյութ դեռ չունեն. - «Պատվաստանյութը նոր է դեռ արտադրված` Ռուսաստանում, Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում, եւ կան իրար հակասող տվյալներ պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ: Երբ ստույգ կունենանք արդյունավետության տվյալները, որ նրանք անվտանգ են եւ նպատակային կարելի է օգտագործել, մենք էլ ձեռք կբերենք»:

«Դեռ պետք է սպասել 15-20 օր, եւ արդյունավետության վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո կորոշենք մեր անելիքը», - հայտարարեց առողջապահության նախարարը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք բավարա՞ր է վերահսկողությունը օդանավակայանում եւ ցամաքային անցակետերում, Հարություն Քուշկյանը պատասխանեց. - «Ինքնաթիռում արդեն սկսվում են միջոցառումներ, բաժանվում են հատուկ հարցաթերթիկներ, որտեղ պատասխանում են ուղեւորները այդ հարցերին, եւ եթե կան ջերմող հիվանդներ` արդեն մենք սպասում ենք այդ ջերմող հիվանդներին, եւ նրանք նաեւ հայտնաբերվում են անցման կետերում. ունենք սարք, որը անցնելիս հայտնաբերում է ջերմող հիվանդին, եւ ուղեւորը հատուկ առանձնացվում է, եւ եթե կարիքը կա` անցկացվում են բուժական միջոցառումներ»:

Նախարարը հաստատեց, որ «ամեն օր էլ կան կասկածելի դեպքեր, որովհետեւ միայն գրիպը չէ` սեզոնային գրիպ կա տարածված այսօր ե'ւ Ռուսաստանում, ե'ւ Ուկրաինայում, ե'ւ, ինչու չէ, Հայաստանում, ուղղակի պետք է տարանջատել «խոզի գրիպը» սեզոնային գրիպից»:

Իսկ որեւէ մեկի մոտ «խոզի գրիպ» հայտնաբերվելու դեպքում իրականացվելքի կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ հարցին Հարություն Քուշկյանը արձագանքեց. - «Դեղ ունենք` «Տամիֆլյու» դեղն է, որը միանգամից տրվում է»:

«Այդ գրիպը առանձնապես կլինիկորեն չի տարբերվում` նույն գրիպն է, ինչ սեզոնայինը. ջերմության բարձրացում, գլխացավ», - պարզաբանեց նախարարը: - «Նույն սեզոնային գրիպն էլ մահացու դեպքեր ունի` բարդությունների հետեւանքով: Եթե ժամանակին չեն սկսում բուժվել` թոքաբորբ է առաջանում, ուրիշ տիպի բարդություններ, որոնք բերում են մահվան: Բայց եթե ժամանակին հիվանդը տանն է մնում, չի դուրս գալիս տնից, 4-5 օր անցկացնում է տանը, հեղուկներ շատ է օգտագործում, դեղորայք է օգտագործում, [բուժվում է]»: