Սահմանի բացումը կխստացնի Հայաստանի օրենքները

Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի խոսքով, հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից հետո անպայման «կլինի օրենսդրական ակտերը վերանայելու անհրաժեշտություն», քանի որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է սկսելու մի պետության հետ, որի օրենսդրությունը «էապես տարբերվում է» Հայաստանի օրենսդրությունից:

Your browser doesn’t support HTML5

Սահմանի բացումը կխստացնի Հայաստանի օրենքները



«Եվ այդ ներքին օրենսդրությունը երբ մենք ուսումնասիրում ենք, ամփոփում ենք, հասկանում ենք, որ կամա թե ակամա երկրի անվտանգության հարցադրումների, ընդհանրապես քաղաքացիների իրավունքների, ազատությունների համաչափ պաշտպանության տեսանկյունից հարկ կլինի, այո, օրենսդրությունը վերանայելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց նախարարը:

«Մեկ օրինակ ընդամենը բերեմ, թե ինչպես են իրենք պատկերացնում իրենց գործող օրենսդրությամբ օտարերկրացիների իրավունքները», - շարունակեց Գեւորգ Դանիելյանը: - «Նախ ասեմ, որ Թուրքիայում գործում է փոխադարձության սկզբունքը, ըստ որի, իրենք յուրաքանչյուր պետության օտարերկրացու իրենց տարածքում տալիս են իրավունքների եւ ազատությունների ճիշտ այնքան շրջանակ, որքան տվյալ պետությունը Թուրքիայի քաղաքացու համար է նախատեսում: Իրենք այդպիսի պայմանագրեր արդեն կնքել են 112 պետության հետ: Հիմա բնական չէ՞, որ մենք այս սկզբունքով առ այսօր չենք աշխատել, լավ կլինի, որպեսզի վերանայենք մեր դիրքորոշումը՝ կապված օտարերկրացիների իրավունքների հետ»:

Բացի այն, ըստ նախարարի, փոփոխություններ կլինեն նաեւ Քրեական, Քաղաքացիական օրենսգրքերում, ինչպես նաեւ Հողային օրենսգրքում. մասնավորապես՝ կխստացվի հողի ձեռք բերումը:

«Եթե անվտանգության խնդիր ենք դնում, ապա պետք է ճիշտ, համարժեք ընկալենք այս հարաբերությունները եւ նկատենք, որ ոչ միայն սեփականության իրավունքի, [այլ] գույքային ցանկացած իրավունքի սահմանափակում միանշանակ փոխկապակցված է անվտանգության հետ», - պարզաբանեց նա: - «Պետք է ասել, որ անվտանգություն հասկացությունը միայն սահմանամերձ շրջանների հետ կապված չէ: Մենք նույնիսկ կարող են Հանրապետության կենտրոնում ունենալ մի այնպիսի տարածք, որը դարձյալ անվտանգության գոտի մեզ համար համարվի: Դա կարող է լինել Պաշտպանության նախարարության վարչական շենքը, Գլխավոր շտաբի վարչական շենքը եւ այլն՝ կարեւոր չէ: Բայց որ անվտանգության գոտիները միայն սահմանների հետ չեն կապվում, սա արդեն հանրաճանաչ մոտեցում է»:

Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ հարկավոր է խստացնել հողերի ձեռքբերման գործընթացը, Դանիելյանը արձագանքեց. - «Անխուսափելիորեն մենք դրան կգնանք»:

Քրեական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ նախարարը վստահեցրեց, որ քրեական օրենսդրությունը երբեք չի զարգանա այն ուղղությամբ, որ Հայաստանի քրեորեն հետապնդի այլախոհությունը, ինչը արվում է Թուրքիայում:

Անդարադառնալով հայաստանյան ընդդիմության պնդումներին, թե հայ-թուրքական արձանագրություններով Հայաստանը իրականում հաստատում է Կարսի պայմանագիրը՝ Դանիելյանը դա անվանեց «իրավական անիրազեկության հետեւանք»:

«Ուղղակի պետք է բացել եւ կարդալ Սահմանադրության 6-րդ հոդվածը եւ հասկանալ, որ մեր երկրում գործում են բոլոր այն միջազգային պայմանագրերը, որոնք վավերացվում են Ազգային ժողովի կողմից: Դուք իրավասու չեն մի պայմանագրով իրավական ուժ տալու մեկ այլ պայմանագրի», - հավելեց նա: