Մամուլի ազատության ցուցիչ - 2009. Հայաստանը է'լ ավելի է նահանջել

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը երեքշաբթի օրը հրապարակել է մամուլի ազատության 2009 թվականի ցուցիչը, որի համաձայն` Հայաստանը անցյալ տարվա 101-րդ տեղից իջել է 111-րդը։
2008-ի ցուցիչով Հայաստանը ուներ 22.75 միավոր, իսկ այս տարի արդեն` 31.13։

Զեկույցում ամփոփված է անցյալ տարվա սեպտեմբերի 1-ից մինչեւ այս տարվա օգոստոսի 31-ը ընկած ժամանակաշրջանը։

Առաջին հինգ հորիզոնականները զբաղեցրած Դանիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Նորվեգիան եւ Շվեդիան ունեն 0-ական միավոր։

Հայաստանի հարեւաններից Վրաստանը 81-րդ տեղում է, Թուրքիան` 122-րդ, Ադրբեջանը` 146-րդ, իսկ Իրանը 172-րդն է` ամենավատ կացության մեջ գտնվողների ցանկում։

Հայաստանի համեմատությամբ ավելի բարվոք վիճակում են բազում խնդիրներ ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք են Պապուա Նոր Գվինեան, Բուրկինա Ֆասոն, Տոգոն, Քաթարը, Զամբիան, Լեսոտոն, Քենիան, Փղոսկրի Ափը։ Հայաստանի դաշնակից Ռուսաստանը մամուլի ազատության ցուցիչում 153-րդ տեղում է։

Զեկույցի ներածականում ասվում է, որ Եվրոպան կարծես զրկվում է մամուլի ազատության օրինակ համարվելու դերից. Ֆրանսիայում, Սլովակիայում անկում է, Իտալիայում, Իսպանիայում գրանցվել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր, իսկ Խորվաթիայում անցյալ տարվա հոկտեմբերին ահաբեկչի ռումբի պայթյունից զոհվել է «Նացիոնալ» շաբաթականի սեփականատեր-տնօրենը։ Եվրոպական մի շարք երկրներում ընդունվել են լրագրողների աշխատանքը սահմանափակող օրենքներ։

«Մամուլի ազատությունը հարկ է պաշտպանել ամենուր եւ նույն եռանդով ու վճռականությամբ», - ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Ժան-Ֆրանսուա Ժուլյարը եւ հավելել. - «Շատ մտահոգիչ է, երբ եվրոպական դեմոկրատիաները` Ֆրանսիան, Իտալիան, Սլովակիան անկում են գրանցում։ Ինչպե՞ս մենք կարող ենք քննադատել մարդու իրավունքների ոտնահարումը այլ երկրներում, երբ դրանք չեն ապահովվել ներսում»։

Մամուլի ազատության ցուցիչով վերջին երեք տեղերում են 173-րդից 175-րդ հորիզոնականները զբաղեցրած Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան եւ Էրիթրեան։

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության նոր զեկույցում Հայաստանին տրված գնահատականը` Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, մասնավորապես, ասաց. - «Անկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հաճախակի են դարձել լրագրողների վրա հարձակումները եւ ավելացել է ընդհանուր քաղաքական լարվածությունը, ինչն ազդում է նաեւ լրատվամիջոցների գործունեության վրա։ Լուրջ պատճառ է դարձել հեռարձակող լրատվամիջոցների օրենսդրությունը. սառեցվել են բոլոր մրցույթները, եւ դա անկախ լրատվամիջոցների համար անհնարին է դարձրել որեւէ հաճախականություն ձեռք բերելու հույսը: Ընդունվել են ռադիոյի եւ հեռուստատեսության մասին օրենքի փոփոխություններ, որոնք ինչ-որ տեղ վերջ են դնում այդ ոլորտի օրենսդրությունը դեմոկրատական չափանիշներին երբեւէ համապատասխանող դարձնելու ակնկալիքներին»։