«Թուրքական ինտերվենցիայի» վտանգ գինեգործության բնագավառում չկա

Հայաստանի գինեգործների միության նախագահի համոզմամբ, հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը «թուրքական ինտերվենցիայի» որեւէ վտանգ այդ բնագավառում չի պարունակում:
«Որեւէ մի վտանգ՝ թուրքական ինտերվենցիա մեր խաղողի կամ գինու կամ կոնյակի դաշտ, չկա: Եթե ենթադրենք, որ մենք քաղաքականությունը առանձնացնում ենք բիզնեսից: Բայց եթե Թուրքիան որոշի [տեսականորեն], որ նա պետք է վնասի Հայաստանին, իհարկե, նա մեկ րոպեում, մեկ վայրկյանում դա կանի: Գինին եւ խաղողը մաքսիմալ են պաշտպանված բոլոր մնացած պրոդուկտներից այն առումով, որ օրենսդրությունը ինքը արդեն փակել է թուրքական կամ նմանատիպ ապրանքների ներմուծումը Հայաստան», - լրագրողների հետ հանդիպմանը երկուշաբթի օրը ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Նրա խոսքով, ի տարբերություն այլ ոլորտների, գինեգործության եւ կոնյակագործության մեջ համաշխարհային ճգնաժամի հետեւանքների վերացման համար երկար տարիներ կպահանջվեն։

«Եթե մենք ասում ենք, որ 70 տոկոսով ճգնաժամի պատճառով մենք կորցրել ենք մեր շուկաները, դա չի նշանակում, որ հենց ճգնաժամը վերացավ, մենք 70 տոկոսով կվերականգնենք մեր շուկաները… Շուկա կորցնել, նշանակում է, որ խանութում դարակի վրա քո գինու կամ կոնյակի կողքին կա ուրիշի գինին եւ կոնյակը՝ շատ ավելի էժան», - պարզաբանեց նա՝ հավելելով, որ ճգնաժամը հաղթահարելուց երկու տարի հետո միայն լավագույն դեպքում հնարավոր կլինի վերականգնել կորցրածի 50 տոկոսը. - «Մենք զիջում ենք հիմա Ադրբեջանին, մենք զիջում ենք հիմա ռուսական շուկայում Ուկրաինային եւ բուն Ռուսաստանին»:

Հարությունյանի խոսքով, կառավարությունը ոլորտում հակաճգնաժամային քայլեր չի ձեռնարկումը. - «Մենք առաջարկներ ներկայացրեցինք կառավարություն, որպեսզի կարողանան մեղմել այն պրեսինգը, որ կար գինեգործության եւ կոնյակագործության վրա, բայց ոչ միայն դա չարվեց, այլեւ իրողությունն այն է, որ մենք վճարում ենք նույնչափ հարկեր, որքան վճարում էինք մինչեւ ճգնաժամը»:

Գյուղատնտեսութան նախարարության բուսաբուծության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը համամիտ չէ Գինեգործների միության նախագահի հետ այն հարցում, թե կառավարությունը ոչինչ չի անում։

«Գինին արտադրում են իրենք, հետո ասում են՝ պարոն կառավարություն, իմ գինին իրացրեք: Էլ չեն ասում, թե՝ իմ սարքած գինին եվրոպական գինու հետ մրցունա՞կ է, որ կառավարությունից էլ պահանջում եմ, որ դա իրացնի»:

«Ոչ թե մեր գինու որակը լավը չէ, կամ մեր խաղող լավը չէ», - շարունակեց Մանուչարյանը: - «Ամբողջ Եվրոպան սիրում է թույլ գինի: Իսկ մեր գինիները, մանավանդ Արարատյան դաշտի խաղողից պատրաստված գինին թունդ է լինում: Պիտի ուսումնասիրել, թե համաշխարհային շուկայում ինչ է պահանջվում, այդպիսի գինի արտադրել»: