Իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի խափանման միջոցը փոխվեց

Արշալույս Հակոբյանը զրուցում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ: 16-ը հոկտեմբերի, 2009թ.

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը ուրբաթ օրը փոխեց իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արշալույս Հակոբյանի խափանման միջոց կալանքը եւ նրա գործով դատաքննությունը հետաձգեց մեկ ամսով:
Արշալույս Հակոբյանը չհեռանալու մասին ստորագրություն տալուց հետո ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Հակոբյանին առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու համար դատական քննությունը մեկ ամսով հետաձգելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ մեղադրանքը պաշտպանող դատախազ Հունան Բաբայանը` նշելով, որ նախաքննության ընթացքում որոշ հանգամանքների շուրջ բազմակողմանի քննություն չի կատարվել:

Արշալույս Հակոբյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, ինչը պատժվում է մինչեւ հինգ տարի ազատազրկմամբ։

Այս գործում երկու տուժողները եւ երեք վկաներից երկուսը ոստիկաններ են։

Մեղադրանքի համաձայն՝ այս տարվա հունիսի 5- ին երկու ոստիկանները, ովքեր հետո գործով տուժող են ճանաչվել, ծանուցագիր են բերել Հակոբյանին, որպեսզի վերջինս ներկայանա ցուցմունք տալու՝ մայիսի 31-ին Երեւանի ավագանու ընտրություններին Մալաթիա - Սեբաստիա համայնքի ընտրատեղամասերից մեկում կատարված միջադեպի կապակցությամբ, որի մասին Հակոբյանը հայտարարություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն։

Ըստ տուժողների, ծանուցագիրը հանձնելու ժամանակ Հակոբյանը սթափ վիճակում չի եղել, առանց որեւէ պատճառի սկսել է հայհոյել, հետո քաշքշել, վառված ծխախոտը նետել է իրենց կողմը։

Արշալույս Հակոբյանը պնդում է, որ իրեն վերագրվող արարքներն ինքը չի կատարել՝ հավելելով, որ իր ազատազրկումն ու իր դեմ հարուցված դատական գործը կապված են իրավապաշտպանի իր գործունեության հետ։