Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանը պատրաստ է հարգել պայմանավորվածությունները»

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը արձագանքել է ուրբաթ օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը այն մասին, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի, մինչեւ չլուծվի չլուծվի Ղարաբաղյան խնդիրը՝ նախազգուշացնելով. - «Փորձելով կապել այդ երկու գործընթացները, կարելի է ձախողել թե մեկը, թե մյուսը»։
Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Էդվարդ Նալբանդյանը հերթական անգամ շեշտել է, թե Հայաստանը բացառում է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման պայմանավորումը Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման քայլերով եւ վստահություն է հայտնել, որ թուրքական կողմը գիտակցում է այս իրողությունը։

«Փորձելով կապել այդ երկու գործընթացները, կարելի է ձախողել թե մեկը, թե մյուսը։ Նույն դիրքորոշումն ունեն բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների», - նշված է արտգործնախարարության հաղորդագրությունում։ - «Այս փոխըմբռնմամբ ենք մենք սկսել եւ վարել բանակցություններն ու եկել փոխհամաձայնությունների, որոնք արտացոլված են նախաստորագրված արձանագրություններում», - իր արձագանքում ասել է Էդվարդ Նալբանդյանը։

«Եթե Թուրքիայի ղեկավարությունը խնդիրներ ունի՝ կապված փաստաթղթերի ստորագրման հետ, ապա չպետք է փորձի դրանք լուծել նախաստորագրված փաստաթղթերի ոգուն, տառին եւ նպատակներին հակառակ», - նշել է Հայաստանի արտգործնախարարը։ - «Համաձայնեցված փաստաթղթերի ստորագրումը եւ նրանց իրագործումը բարդություններով լի գործընթաց է։ Սակայն Հայաստանը պատրաստ է հարգել պայմանավորվածությունները` առաջ գնալու համար»։

Անդրադառնալով հայկական Panorama.am կայքում հրապարակված տեղեկատվությանն այն մասին, որ Էրդողանը հաեւ անհարգալից արտահայտություններ է հնչեցրել հայկական Սփյուռքի հասցեին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ասել է. - «Եթե ժամանակակից Թուրքիայի իշխանությունները պատրաստ չեն այսօր ընդունելու Օսմանյան Կայսրությունում իրականացված ցեղասպանության փաստը, ապա առնվազն պարտավոր են հարգալից լինել ցեղասպանությունը վերապրածների եւ նրանց զավակների հանդեպ»։