Իսրայելցի իրավապաշտպաններ. «Գազայի պատերազմի զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ էին»

Գազայի պատերազմում զոհված մոտ 1400 պաղեստինցիների կեսից ավելին քաղաքացիական անձինք էին, այդ թվում 252-ը` 16 տարեկանից ցածր տարիքի երեխաներ: Այս տվյալներն է հրապարակել Իսրայելի առաջատար իրավապաշտպան կազմակերպություններից մեկը` «Բ’Ցելեմ»-ը:

Կազմակերպության` ամիսներ տեւած հետազոտության արդյունքները հերքում են պաշտոնական Թել Ավիվի պնդումները, թե զոհվածների մեծ մասը զինյալներ էին:

Իրավապաշտպանները ակնկալում են, որ իրենց զեկույցը կստիպի Իսրայելի կառավարությանը անկախ հետաքննություն սկսել անցած տարեվերջին եւ այս տարվա սկզբին Գազայի հատվածում իսրայելական ուժերի իրականացրած ռազմական գործողությունների հետեւանքների առնչությամբ: