Սերժ Սարգսյան. «Այժմ ամեն ինչ կախված է քաղաքական ուժերի հեռատեսությունից եւ կամքից»

Պաշտոնական այցով Խորվաթիայում գտնվող Սերժ Սարգսյանը եւ Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչը, 7 սեպտեմբերի, 2009

«Վստահ եմ, որ այժմ ամեն ինչ կախված է քաղաքական ուժերի, եւ առաջին հերթին ղեկավարների հեռատեսությունից եւ կամքից», - հայտարարել է պաշտոնական այցով Խորվաթիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` հյուրընկալող երկրի նախագահ Ստյեպան Մեսիչի հետ համատեղ ասուլիսում երկուշաբթի օրը անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին:
«Կա'մ մենք ուղի ենք հարթում դեպի նոր Հարավային Կովկաս, կա'մ էլ խորացնում ենք հակասությունները, անվստահությունը եւ թշնամությունը», - շարունակել է Հայաստանի նախագահը` հավելելով. - «Հուսով եմ, որ կընտրենք առաջին ուղին»:

«Ինչպես ցանկացած պատերազմ խաղաղությամբ է ավարտվում, այդպես էլ ցանկացած կոնֆլիկտ պետք է ավարտվի պայմանագրով», - իր հերթին, նկատել է Խորվաթիայի նախագահ Մեսիչը, ասելով նաեւ, որ ինքը ողջունում է բանակցությունների մեկնարկը եւ կճանաչի ցանկացած որոշում, որը ընդունելի կլինի Խորվաթիայի համար բարեկամ երկու ժողովուրդների` հայերի եւ թուրքերի տեսակետից։

Վերլուծական խոշոր կենտրոններ այժմ անդրադառնում են երկխոսություն հաստատելու պաշտոնական Երեւանի ու Անկարայի փորձերին։

Մարշալի հիմնադրամի ավագ վերլուծաբան Իյեն Լեսերը պնդում է, որ հայ - թուրքական մերձեցումը նպաստավոր է Միացյալ Նահանգների համար։ Նա անդրադառնում է չորս կարեւոր գործոնի. առաջին` սահմանի բացումը խթան կլինի Հայաստանի տնտեսության համար, երկրորդ` հայ - թուրքական հարաբերությունների բարելավումը կարող է դրական ազդակ դառնալ եւ օրինակ ծառայել բազմաթիվ այլ հակամարտություններից տառապող տարածաշրջանի համար, երրորդ` բացելով սահմանը, Թուրքիան է'լ ավելի ամուր կդարձնի իր ազդարարած արտաքին քաղաքականության նոր կուրսը, որի նշանաբան է` «ոչ մի տարաձայնություն հարեւանի հետ»։ Սահմանի բացումը կնշանակի նաեւ, որ Եվրամիության անդամակցության հարցում լուրջ մարտահրավերների առաջ կանգնած Թուրքիան Եվրոպայի հարեւանության անվտանգության ապահովման հարցում ոչ միայն սպառող, այլեւ արտադրող պետություն է։