Վրաստանում հանգստացող հայաստանցիների թիվը այս տարի կարող է հասնել 70 հազարի

Վրաստան -- Բաթումիի նավահանգիստը, 11-ը հունիսի, 2009թ.

Վրաստանում հանգստացող հայաստանցիների թիվը 2009 թվականին կարող է գերազանցել նախորդ տարիների ցուցանիշը՝ հասնելով մինչեւ 70 հազարի։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Աջարիայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հակոբ Հաջի-Հակոբյանը։
Հայաստանցի դիվանագետի փոխանցմամբ, Աջարիայի կառավարության տուրիստական դեպարտամենտի ու հայկական համապատասխան ծառայությունների տրամադրած տվյալներով, արդեն այս տարվա օգոստոսի սկզբին Հայաստանից Աջարիա է մեկնել 25 հազար զբոսաշրջիկ։ Ընդ որում՝ Աջարիայում Հայաստանի գլխավոր հյուպատոսը վստահ է, որ այս թիվն աճի միտում ունի։

«Դեռ օգոստոսը առջեւում է։ Հիմնական շեշտը օգոստոսի վրա է», - նշեց Հաջի-Հակոբյանը։

2007 թվականին Հայաստանից Աջարիայում հանգստացել է 50-60 հազար մարդ, իսկ 2008 թվականի ցուցանիշները չեն ամբողջացվել, քանի որ օգոստոսյան ռուս-վրացական կարճատեւ պատերազմի հետեւանքով հայաստանցիներից շատերը Վրաստանում հանգստանալու իրենց ծրագրերից հրաժարվեցին։

Your browser doesn’t support HTML5

Հայերը` Աջարիայում