Վլադիմիր Պուտին. «Ռուսաստանը ամեն կերպ կօժանդակի Ղարաբաղի հարցում համաձայնություններ գտնելուն»

Ռուսաստանը շահագրգրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ եւ շահագրգռված չէ որեւէ հակամարտությամբ Կովկասում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը Անկարայում թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ:

Տարածաշրջանային հակամարտությունների, մասնավորապես` Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ թուրքական «Զաման» պարբերականի թղթակցի հարցին Պուտինը արձագանքել է. - «Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հարցին, ժամանակին ես բազմիցս խոսել եմ այդ մասին, իսկ այժմ այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավվել է նաեւ նախագահ Մեդվեդեւը, նա կանոնավոր կերպով հանդիպում է երկու երկրների ղեկավարների հետ եւ մեծ դրական աշխատանք է կատարում Ղարաբաղյան խնդրի լուծման հետ կապված»:

«Ես ասում եմ առանց որեւէ չափազանցության` հենց մեծ դրական աշխատանք», - շեշտել է Պուտինը ՝ հավելելով. - «Ռուսաստանը շահագրգռված է այս կարգավորմամբ եւ հակառակը` շահագրգռված չէ որեւէ հակամարտությամբ Կովկասում, քանի որ յուրաքանչյուր կոնֆլիկտային իրավիճակ խանգարում է մեր հարաբերությունների զարգացմանը այս կամ այն երկրի հետ: Սակայն Ռուսաստանի դիրքորոշումը միշտ էլ եղել է այն, որ մենք չենք կարող մեզնով փոխարինել հակամարտող կողմերը, մենք կարող ենք միայն որպես երաշխավոր հանդես գալ այդ գործընթացի եւ այդ համաձայնությունների համար: Մենք ամեն կերպ կօժանդակենք, որ այդ համաձայնությունները եւ կոմպրոմիսները գտնվեն եւ հանգեցնեն հակամարտության վերջնական եւ լիակատար լուծմանը»: