Մոլդովայի կոմունիստները կորցրեցին մեծամասնությունը խորհրդարանում

Մոլդովա. քվեների հաշվարկը Քիշնեւի ընտրատեղամասերից մեկում

Չորեքշաբթի օրը անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում Մոլդովայի կոմունիստական կուսակցությունը երկրի օրենսդիր մարմնում կորցրեց մեծամասնությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվել է քվեաթերթիկների 97 տոկոսը. արդյունքների համաձայն` կոմունիստները 45 տոկոս ձայներ են հավաքել եւ կստանան խորհրդարանի 101 տեղից 48-ը:
Նախնական արդյունքների համաձայն` ընտրական անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր չորս կուսակցությունները օրենսդիր մարմնում 53 պատգամավոր կունենան, ինչը բավարար է կառավարություն ձեւավորելու համար:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` Մոլդովայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադ Ֆիլատը ասել է, որ խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցությունները գիշերը պայմանավորվել են իշխող կոալիցիա կազմելու մասին:

Այդուհանդերձ, երկրի նախագահ ընտրելու համար անհրաժեշտ 61 ձայները չի հաջողվել ստանալ նաեւ ընդդիմությանը:

Մոլդովայի օրենսդրության համաձայն` խորհրդարանն է ընտրում երկրի նախագահին:

Երբ արդեն պարզ դարձավ, որ այժմ իշխանության գտնվող կոմունիստներ այլեւս շանս չունեն մեծամասնություն ունենալ խորհրդարանում, երկրի նախագահ, կոմունիստ Վլադիմիր Վորոնինին նրա ակնկալիքների մասին հարց ուղղեցին լրագրողները:

«Ես բախտագուշակ չեմ, ես էլ եմ համբերատար սպասում ԿԸՀ-ի արդյունքներին: Մենք կիմանանք եւ կենթարկվենք դրանց», - հայտարարել է Մոլդովայի նախագահը եւ, ակնարկելով ապրիլին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության ցույցերը, հավելել. - «Ինչպիսի արդյունքներ էլ ստացվեն, մենք դուրս չենք գա փողոց եւ չենք կազմակերպի բողոքի ակցիաներ»:

Իսկ ընդդիմադիր Վլադ Ֆիլատի խոսքերով` ընդիմությունը իր զուգահեռ հաշվարկն է այժմ անցկացնում, եւ իրենք չեն ընդունի ԿԸՀ-ի հրապարակած տվյալները` առանց սեփականի հետ համեմատելու:

«Արդյունքներն ընդունելու համար` այդ երկուսի միջեւ չպետք է մեծ տարբերություն լինի», - հայտարարել է Ֆիլատը:

Ապրիլին Մոլդովայում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ հաղթանակ էր տարել կոմկուսը` ստանալով խորհրդարանի 101 տեղերից 60-ը:

Ընդդիմությունը բողոքարկել էր պաշտոնական արդյունքները եւ գրոհել կառավարական շենքերը: Մի քանի ժամ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ շարունակված բախումներից հետո, սակայն, կոմունիստները կրկին վերահսկողության տակ էին առել իրավիճակը:

Ընդամենը մեկ ամիս անց` նախագահական ընտրությունների ժամանակ, կոմունիստները կրկին հայտնվեցին փակուղում. հաղթանակ տոնելու համար կոմունիստներին անհրաժեշտ էր 61 քվե, մինչդեռ կուսակցությունը խորհրդարանում ուներ մեկով պակաս տեղ: Խորհրդարան անցած մյուս երեք կուսակցությունները բոյկոտեցին եւ չմասնակցեցին քվեարկությանը թե’ առաջին եւ թե’ երկրորդ փուլերում:

Չհաջողված բանակցություններից եւ առաջարկներից հետո իշխանությունները ստիպված եղան լուծարել խորհրդարանը եւ արտահերթ ընտրություններ նշանակել: