Շվեյցարացի գիտնականները սինթետիկ ուղեղ են ստեղծում

Guardian բրիտանական օրաթերթի փոխանցմամբ` Լոզանի ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր Հենրի Մարքամի ղեկավարած խումբն իրականացնում է Blue Brain Project ծրագիրը, որի նպատակն է առաջիկա տասը տարվա ընթացքում ստեղծել աշխարհում առաջին սինթետիկ ուղեղը:
Ծրագրի հաջողության դեպքում գիտականները կպարզեն, թե ինչպես են ուղեղում ձեւավորվում եւ «պահեստավորվում» աշխարհի ընկալումներն ու ինչպես է գոյանում գիտակցությունը:

Ողնաշարավոր էակի սինթետիկ ուղեղ ստեղծելու համար շվեյցարացի գիտնականները պետք է համակարգչով վերարտադրեն ուղեղի միլիարդավոր բջիջների աշխատանքը:

Պրոֆեսոր Մարքամն արդեն կարողացել է վերարտադրել գլխուղեղի կեղեւի որոշ հատվածների մեխանիզմը, նրա թիմը 3D ձեւաչափով ստեղծել է առնետի ուղեղի շուրջ 10 հազար բջիջների «պատճեններ»:

«Անհրաժեշտ է մեկ համակարգիչ մեկ նեյրոնի բոլոր հաշվարկներն անելու համար, ուրեմն, ծրագրի միայն այս հատվածի համար 10 հազար համակարգիչ է պետք», - խնդրի հսկայական ծավալի մասին պատկերացում տալու համար ասել է Մարքամը` հայտնելով, որ իր թիմը աշխատում է IBM Blue Gene սուպերհամակարգչով:

Ծրագրի հաջողությունը ոչ միայն թույլ կտա հասկանալ կենսաբանական ամենաբարդ եւ առեղծվածային նյութի` ուղեղի աշխատանքի մեխանիզմը, այլեւ հետագայում կընձեռի մարդու ուղեղի հիվանդությունները բուժելու հնարավորություններ` խնայելով բավական ժամանակ, որը կվատնվեր կենդանիների վրա փորձեր կատարելու համար: