Human Rights Watch-ը Մեծ ութնյակին կոչ է անում դատապարտել բռնությունները Իրանում

Մեծ ութնյակի` այսօր Իտալիայի Ակվիլ քաղաքում մեկնարկող գագաթնաժողովից առաջ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այդ երկրների ղեկավարներին կոչ է արել չշրջանցել Իրանի հարցը:
«Մեծ ութնյակի երկրների առաջնորդները պետք է դատապարտեն խաղաղ ցուցարարների հանդեպ կատարված բռնությունը, հարյուրավոր կամայական ձերբակալությունները եւ դաժան հարցաքննությունները, որ կատարվում են Իրանում նախագահական ընտրություններից հետո», - ասված է Human Rights Watch-ի հայտարարությունում:

«Մեծ ութնյակը պետք է պահանջի անցկացնել այդ չարաշահումների անաչառ եւ օբյեկտիվ հետաքննություն եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին», - ասել է Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը:- «Իրանի իշխանությունները փորձում են մեղադրել արտաքին ուժերին խաղաղ ցուցարարների դեմ իրենց կիրառած բռնությունների եւ իրավախախտումների համար: Մեծ ութնյակը պետք է Թեհրանին հասկացնի, որ նա չի կարող մեղքն իր վրայից գցել, եւ որ մարդու իրավունքների ոլորտը գտնվելու է Իրանի հետ Մեծ ութնյակի հետագա հարաբերությունների առաջին պլանում»:

«Իրանում հունիսի 13 -ին Ահմադինեջադի հաղթանակը փաստող պաշտոնական հայտարարությունից հետո հարյուր հազարավոր իրանցիներ դուրս եկան Թեհրանի եւ Իրանի այլ խոշոր քաղաքների փողոցներ` ի նշան բողոքի: Գրեթե մեկ շաբաթ զանգվածային հանրահավաքներից հետո Իրանի քաղաքական առաջնորդները կանաչ լույս վառեցին բռնությունների համար», - նշում է Human Rights Watch-ը իր հայտարարությունում: - «Անվտանգության ուժերը եւ կառավարության ֆինանսավորմամբ գործող «Բասիջ» ռազմական կազմակերպության զինյալները հանրահավաքների ընթացքում պարբերաբար բռնի ուժ էին կիրառում, ինչի հետեւանքով զոհվեց առնվազն 20 մարդ, շատերը վիրավորվեցին: Հարյուրավոր ցուցարարներ ձերբակալվեցին, խիստ սահմանափակումներ մտցվեցին օտարերկրյա եւ տեղացի լրագրողների համար»:

Human Rights Watch-ը ընդգծում է, որ Իրանը պետք է հարգի միջազգային իրավունքը, քանի որ 1975 թվականին ստորագրել է Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքի միջազգային պակտը, որը արգելում է կամայական ձերբակալությունները: Պակտի համաձայն` Իրանը պետք է ճանաչի նաեւ մարդու այլ հիմնարար իրավունքներ` այդ թվում խաղաղ հավաքների եւ ազատ արտահայտվելու իրավունքը:

«Մեծ ութնյակը եւ այլ շահագրգիր պետություններ Իրանում բռնությունների ալիքի հետ կապված պետք է եւս մեկ անգամ քննարկեն հասցեական պատժամիջոցներ կիրառելու հարցը նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են բռնությունների համար, եւ նրանց դեմ, ովքեր ի պաշտոնե կարող են կանգնեցնել բռնությունները, սակայն չեն անում դա», - ասված է հայտարարությունում:

«Մեծ ութնյակի երկրների առաջնորդները պետք է պարզ հայտարարեն, որ Իրանը խախտում է միջազգային իրավունքի նորմերը: Նրանք նաեւ պետք է հստակ հասկացնեն, որ քանի դեռ Իրանը պատասխանատվության չի ենթարկել բռնությունների համար մեղավորներին, այլ երկրներ իրավասու կլինեն արգելել բռնություններ կատարելու մեջ կասկածվողների մուտքը իրենց երկիր ու նաեւ այլ պատժամիջոցներ կիրառել», - հայտարարել է Քենեթ Ռոթը:

Մեծ ութնյակի երկրների` Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների ղեկավարները հուլիսի 8-10-ը քննարկելու են, հիմնականում, տնտեսական ճգնաժամին, կլիմայական փոփոխություններին ու պարենի խնդիրներին վերաբերող հարցեր: