Իլհամ Ալիեւ. «Բանակցություններն ընթանում են ճիշտ ճանապարհով»

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումը Սանկտ Պետեբուրգում: 4-ը հունիսի, 2009 թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շաբաթավերջին հարցազրույց է տվել ռուսաստանյան «Վեստի» հեռուստակայանին, որում անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան բանակցությունների ընթացքին:
Բարձր գնահատելով Ռուսաստանի դերը հակամարտության կարգավորման եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում՝ Ադրբեջանի նախագահն ասել է, որ կան «որոշակի արդյունքներ, եւ բանակցություններն ընթանում են ճիշտ ճանապարհով»:

Ալիեւը նաեւ փոքր-ինչ քողազերծել է, թե հատկապես ինչ ուղղությամբ են ընթանում բանակցությունները:

Խոսելով հակամարտության կարգավորման նպատակով գործողությունների սահմանված հաջորդականության մասին՝ Ալիեւն ասել է. - «Գոյություն ունի որոշակի հաջորդականություն, այդպիսի ժամանակագրություն կա նաեւ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներում: Խոսքը Ղարաբաղից դուրս գտնվող օկուպացված տարածքների մասին է: Այսինքն, առաջին փուլում` հենց համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, հայկական զորքերը պետք է հանվեն 5 շրջաններից: Այն երկու տարածքներից, որ անմիջականորեն գտնվում են Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ [Քելբաջարի եւ Լաչինի շրջանները], հայկական զորքերի դուրսբերումը պետք է ապահովվի համաձայնագրի ստորագրումից 5 տարի հետո»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին՝ Ադրբեջանի նախագահն ասել է. - «Այսօր բանակցությունների սեղանին Ղարաբաղի կարգավիճակի հարցը դրված չէ: Դա ապագայի խնդիր է. եթե այժմ կարգավիճակի հարց դրվի, ապա բանակցությունները կրկին ոչնչի չեն հանգեցնի»:

«Մենք, բնականաբար, հնարավոր չենք համարում Լեռնային Ղարաբաղի գոյությունը որպես անկախ հանրապետություն», - հավելել է նա: - «Ադրբեջանը դրան երբեք չի գնա, եւ մենք կարծում ենք, որ հայկական կողմը դա եւս հասկանում է: Իհարկե, ինչ-որ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա, սակայն մենք չենք տեսնում այդ կարգավիճակը Ադրբեջանի պետությունից դուրս»: