Կարլովի Վարիում բացվում է հեղինակավոր կինոփառատոնը

Աշխարհահռչակ կինոդերասանների եւ ռեժիսորների խմբեր են ժամանել Չեխիա, որտեղ հանքային ջրերով հայտնի առողջարանային քաղաք Կարլովի Վարիում այսօր բացվում է 44-րդ ավանդական կինոփառատոնը:
Այն դասվում է եվրոպական հեղինակավոր փառատոնների շարքը: Կազմակերպիչները խոստանում են 19 պրեմիերա:

Փառատոնը կբացվի Շանա Ֆեսթի «Մեծագույնը» ֆիլմով, իսկ հուլիսի 11-ին կփակվի Ռիչարդ Քերթիսի «Ռոք ալիք»-ով:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահն է Կլաուդիա Օսարդը, ժյուրիի անդամները` կինոբեմադրիչներ Ռոդրիգո Պլան, Սերգեյ Դորցեւոյը, Նիկի Կարիմին, Մարիա Բոնեւին, Իվան Զախարիասն ու քննադատ Քենեթ Թյուրանը:

Կարլովի Վարիի փառատոնին սովորաբար չեն մասնակցում «լայն սպառման» համար նախատեսված ստեղծագործություններ:

«Թեպետ այս տարվա ֆիլմերի թեմաները շատ տարբեր են, դրանք բոլորը հիմնականում մեր օրերի իրականության եւ բարոյականության հարցերի մասին են», - ասել է փառատոնի տնօրեն Էվա Զաորալովան:

Կարլովի Վարիում կցուցադրվեն ֆիլմեր Լեհաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Հարավային Կորեայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից եւ այլ երկրներից: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է լեգենդար չեխ ռեժիսոր Միլոշ Ֆորմանի «Հրաշալի զբոսանքը»:

Չեխիա իրենց ֆիլմերն են բերել իրանցի կինոբեմադրիչ Աբդոլռեզա Քաբանին («20-ը»), ադրբեջանցի բեմադրիչ Էլչին Մուսաօղլուն («40-րդ դուռը») եւ վրացի բեմադրիչ Գեորգի Օվաշվիլին («Մյուս ափը»):

Մուսաօղլուի «40-րդ դուռը» պատմում է Բաքվից ոչ հեռու գտնվող ավանում մի կերպ օրվա հացը վաստակող ընտանիքի մասին: 90-ականների սկիզբն է, տանտերը մեկնել է Ռուսաստան՝ աշխատանքի, եւ այնտեղ սպանվել է: 14-ամյա տղան՝ Ղասանը ստիպված թողնում է դպրոցը, որ օգնի ընտանիքին:

Օվաշվիլիի «Մյուս ափի» սցենարի հեղինակներից մեկը ծագումով ադրբեջանցի անվանի գրող Ռուստամ Իբրաhիմբեկովն է: Հերոսները Աբխազիայում տուն ու տեղ թողած եւ Թբիլիսիի անհրապույր արվարձանի խրճիթում ապաստանած փախստականներն են՝ 12-ամյա Տեդոն եւ նրա մայրը՝ Կետոն: Մայրը սիրեկան ունի եւ չի ցանկանում վերադառնալ Աբխազիա: Տղան դա ծանր է տանում, կարոտում է հորը, ով մնացել է Աբխազիայում, որոշում է հասնել Աբխազիա ու գտնել նրան: Բառի բուն եւ փոխաբերական իմաստով «մյուս ափ» տանող այդ ծանր եւ վտանգավոր ճանապարհին տղան շատ բան է հասկանում:

Վերջին ժամանակաշրջանում տարբեր փառատոնների մասնակցող հայ կինոռեժիսորները Կարլովի Վարիի 44-րդ փառատոնին ներկայացված չեն: