Հունիսի 18-ի մամուլ

Այսօր մամուլի ուշադրության կենտրոնում Սերժ Սարգսյանի կողմից Ազգային ժողովին ներկայացված համաներման մասին առաջարկն է: «Հրապարակ»-ը գրում է. - «Անշուշտ, փաստաթուղթը կարող էր ավելի վատը լինել, ասենք՝ տարածվեր բոլորի, բայց ոչ քաղաքական գործիչների վրա: Իշխանությունը հերթական անգամ օգտվեր ուժի, ցինիզմի, չկոտրվելու իր զինանոցից: Բայց կարող էր նաեւ ավելի մարդասիրական ու մեծահոգի լինել. կարող էր միանգամից մի հարվածով կտրել այս գորդյան հանգույցը եւ ազատվել քաղբանտարկյալներ ունեցող երկրի խարանից: Չարեց: Նահանջի ճանապարհներ թողեց, նենգության տարրեր մտցրեց այս ակտի մեջ: Այնպես արեց, որ իր դեմ ելած մարդկանց գլխին վտանգը կապված թողնի, նաեւ՝ եթե հնարավոր է, նրանցից մի քանիսին ցուցադրաբար պատժի»:

«Հայոց Աշխարհ» թերթն ամբողջությամբ հրապարակել է համաներման մասին Սերժ Սարգսյանի առաջարկի տեքստը՝ հետեւյալ մեկնաբանության ներքո. - «Ակնհայտ է, որ համաներումը լայն հետաքրքրություն է առաջացրել, միաժամանակ աշխույժ քննարկում հարուցելով ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական շրջանակներում։ Ըստ որում, քիչ չէին զանազան մտացածին «լուրերը» եւ տարատեսակ շահարկումները։ Ինչ արժե թեկուզ հհշական մամուլում օրեր առաջ տպագրված «փաստաթուղթը», նշումով, թե հենց այդ է համաներման նախագիծը։ Չնայած արդարադատության նախարարը հերքեց, որ հրապարակվածը համաներման նախագիծն է։ Ուստի, երբ «Հայոց Աշխարհ»-ի տրամադրության տակ երեկ հայտնվեց համաներման վերաբերյալ խորհրդարանին երկրի նախագահի ներկայացրած առաջարկության նախագիծը, մենք որոշեցինք այն հրապարակել՝ հարգելով տեղեկացված լինելու մեր ընթերցողների իրավունքը»:

«Հայք»-ի խմբագրականում կարդում ենք. - «Արդեն բազմաթիվ անգամ ասվել եւ գրվել է, որ Սերժ Սարգսյանը, եթե իրոք անկեղծորեն ցանկանում է նպաստել լարվածության մթնոլորտի վերացմանը, ապա համաներման մասին պետք է հայտարարեր ապրիլի 9-ին: Հիմա, միջազգային հանրության պարտադրանքի տակ պատրաստվում են համաներում հայտարարել, բայց եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, ապա պետք է մեկ անգամ եւս շեշտենք, որ այդ համաներումը լումայի արժեք չի ունենա, եթե չտարածվի բոլոր քաղբանտարկյալների վրա: Ստացվում է, որ համաներման շնորհիվ մոտ 2000 քրեական հանցագործ, շնորհիվ քաղբանտարկյալների եւ Համաժողովրդական շարժման, ինչպես նաեւ միջազգային հանրության կհայտնվի ազատության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդավարացման համար պայքարողների մի մասը կմնա բանտերում: Ազգային ժողովի պատգամավորները պետք է փորձեն փրկել իրավիճակը եւ գոնե մեկ անգամ վճռականության հանդես բերեն: Նրանք պետք է ամեն ինչ անեն, որ համաներումը տարածվի բոլոր քաղբանտարկյալների վրա»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Եթե դատավորները քաղբանտարկյալ պատգամավորներին, ասենք, 5 տարվա ազատազրկման դատապարտեն, բայց համաներում կիրառելով ազատ արձակեն, ապա առնվազն երկու ամիս, մինչեւ համապատասխան դատավճիռների ուժի մեջ մտնելը, պատգամավորները կշարունակեն պահպանել իրենց մանդատները: Ինչպես հայտնի է, գործող իշխանությունը որոշել է քաղբանտարկյալ պատգամավորներին զրկել իրենց մանդատներից, որպեսզի նրանք այլեւս հնարավորություն չունենան մանդատներով վերադառնալ խորհրդարան: Ուստի չի բացառվում, որ Հայաստանի իշխանությունները որոշեն ամենավերջին նենգությանը դիմել. ասենք՝ որոշեն պատգամավոր քաղբանտարկյալներին հինգ տարի եւ պակաս ժամկետով ազատազրկման դատապարտել, ինչը հնարավորություն կտա նրանց նկատմամբ համաներում կիրառել, բայց խափանման միջոցը՝ կալանավորումը չեն փոխի, մինչեւ դատավճիռների ուժի մեջ մտնելը: Սա այն տարբերակն է, որի դեպքում իշխանությունները կարող են հասնել իրենց երազանքին. հանուն ԵԽԽՎ-ի՝ կազատեն պատգամավորներին, բայց նրանք այլեւս մանդատներ չեն ունենա»:

«168 ժամ» թերթը գրում է. - «Դժվար է տրամաբանություն գտնել այն հարցում, թե ինչու է մեկ քրեական գործով անցնող եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու միջոցով իշխանության բռնազավթման փորձի մեջ մեղադրվող անձանց մի մասը ազատ արձակվում, մյուս մասը՝ ոչ: Այն դեպքում, երբ համաներում հայտարարելու անհրաժեշտությունը իշխանությունների ու նրանց սպասարկող զանազան խորհուրդների կողմից պայմանավորվում է «հասարակական համերաշխության հաստատման հրամայականով»:

«Չորրորդ իշխանություն»-ը նույն թեմայի կապակցությամբ գրում է. - «Սերժ Սարգսյանի կողմից խորհրդարանին ուղարկված համաներման տեքստը, որը երեկ քննարկվեց Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում եւ ստացավ դրական եզրակացություն, իրականում գոլորշի բաց թողնելու հերթական փորձն է: Այդ քայլով Սերժ Սարգսյանը կրկին փորձում է իմիտացիա անել, թե տեսեք ինչքան բարի մարդ է ինքը»: Իսկ իրականում, թերթի կարծիքով, ճիշտ հակառակն է: