Լեւոն Զուրաբյան. «Ամենաազգային մոտեցումը հենց Հայ ազգային կոնգրեսինն է»

Հունիսի 12-ին նախատեսվող հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) պատրաստվում է հրապարակել իր մարտավարությունը եւ անելիքները` առկա մարտահրավերներին դիմակայելու առումով:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի ասաց, որ ՀԱԿ-ը անպատասխան չի թողնելու իշխանությունների «ընտրական անօրինությունները», եւ տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է ընդդիմադիր գործողությունների մի ամբողջ շարք իրականացնել։

Ընդդիմադիր գործիչը, սակայն, խուսափեց պատասխանել այն հարցին, թե հատկապես ի՞նչ գործողությունների մասին է խոսքը եւ արդյո՞ք դրանք նմանվելու են անցած նախագահական ընտրություններին հաջորդած գործողություններին` արձանագրելով. - «Մենք վաղը ունենալու ենք շատ կարեւոր խորհրդակցություն, որտեղ վերջնականապես ակցենտներ են դրվելու, թե որն են Հայ ազգային կոնգրեսի անելիքները ապագայում, իսկ հունիսի 12-ի հանրահավաքում մենք այս բոլոր իրադարձությունների վերլուծությունը կտանք, եւ կհրապարակենք, թե որն է լինելու Հայ ազգային կոնգրեսի մարտավարությունը եւ անելիքները` այս մարտահրավերներին դիմակայելու առումով»:

Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը երեկ հայտարարել է, թե ՀՅԴ-ն աննպատակահարմար է համարում արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցությունը։ Մասնավորապես, Հովհաննիսյանը նշել էր, թե ազգային հարցերում ՀԱԿ-ի դիրքորոշումն իրենց սրտով չէ։

Այս կապակցությամբ, Լեւոն Զուրաբյանը ասաց. - «Կարծում եմ, որ առկա արտահայտված քաղաքական դիրքորոշումներում ամենաազգային մոտեցումը հենց Հայ ազգային կոնգրեսինն է, եւ ես չեմ տեսնում որեւէ ուժ, ներառյալ Դաշնակցությունը, որը ավելի ծանր եւ ավելի արտահայտիչ քննադատության է մատնում այս իշխանություններին, քան Հայ ազգային կոնգրեսը»:

Այդուհանդերձ, Զուրաբյանը նշեց, թե Կոնգրեսը չի կենտրոնանում հակասությունների վրա։ Ավելին, ըստ ՀԱԿ համակարգողի, իրենք բոլոր շահագրգիռ կուսակցություններին հրավիրում են Կոնգրեսի առաջիկա հանրահավաքին, որտեղ, վերջիններիս նաեւ ելույթներով հանդես գալու հնարավորություն կտրվի։