Սերժ Սարգսյանը կոչ է անում համաներման մասին առաջարկություններ ներկայացնել

Հայաստան -- Նախագահ Սարգսյանը Սարդարապատում պատասխանում է լրագրողների հարցերին, 28-ը մայիսի, 2009 թ.

Մայիսի 28-ին Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունը, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելեց Սարդարապատի հուշահամալիր` մասնակցելու Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Նախագահը ծաղկեպսակ դրեց Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետեւ պատասխանեց լրագրողների հարցերին։

Արձագանքելով վերջին շրջանում ակտիվորեն քննարկվող համաներման մասին հարցին` նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ Հայաստանում վերջին անգամ համաներում հայտարարվել է 2006 թվականին։

«Եթե այս 3 տարիների ընթացքում հասարակությունում հասունացել է նոր համաներում հայտարարելու եւ կիրառելու գաղափար, անհրաժեշտություն, ապա իրոք ես պատրաստ եմ օգտվելու իմ սահմանադրական իրավունքից», - հայտարարեց նախագահը:

Սերժ Սարգսյանը կոչ արեց հայաստանյան քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին, հանրային խորհրդին` համաներման անհրաժեշտության եւ դրա պայմանների մասին իրենց առաջարկությունները ներկայացնել նախագահական նստավայր:

«Եվ եթե արդյունքում պարզվի, որ իրոք կա այդպիսի ցանկություն հասարակության մեջ, ապա ես անմիջապես կօգտվեմ իմ սահմանադրական իրավունքից եւ կդիմեմ Ազգային ժողովին` օրենք ընդունելու համար», - ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:

Երկրի բարձրաստիճան ղեկավարությունից որոշ ժամանակ անց Սարդարապատի հուշահամալիր այցելեց նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` Հայ ազգային կոնգրեսի եւ համակիր մի քանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների ուղեկցությամբ։

Տեր-Պետրոսյանին ուղեկցող «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատասխանեց համաներման առաջարկներ ներկայացնելու` նախագահ Սերժ Սարգսյանի կոչին, ասելով. - «Շատ վատ է, որ Սերժ Սարգսյանը իր ժողովրդի ցանկություններն ու զգացողությունները չի զգում: Հետեւաբար` երկրի իրավիճակն էլ չի կարողանում գնահատել, ու չգիտի ինչ են ուզում: Որեւէ բանով դիմելու խնդիր չունենք` մենք մեր ընկերներին ինքներս կազատենք»:

Արամ Սարգսյանի խոսքով, եթե իշխանությունը ռեալ գիտակցություն ունենար, ապա պետք է հասկանար, որ դա «նախ Աստվածահաճո խնդիր է», ընդունելի եւ ընկալելի է միջազգային հանրության համար եւ կնպաստի ընտրությունների նախաշեմին հասարակության համախմբման մթնոլորտի ստեղծմանը։

Անցած շաբաթ Ազգային ժողովի նախագահը նախ հայտարարել էր, թե մայիսի 28-ին նախագահ Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարի «Մարտի 1»-ի գործով կալանավորվածների նկատմամբ, այնուհետեւ իր մամուլի քարտուղարի միջոցով, փաստորեն հանդես էր եկել հերքմամբ` ասելով, որ պարզապես «բարի ցանկություն» է հայտնել: