Մայիսի 26-ի մամուլ

Երեւանի ավագանու ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համար` Ավան համայնքի ղեկավար Տարոն Մարգարյանը «Հայոց Աշխարհ»-ին ասել է. - «Ե’վ Գագիկ Բեգլարյանը, լինելով Կենտրոն համայնքի ղեկավար, ե’ւ ես, մեր աշխատանքով ու արդյունքներով ապացուցել ենք, որ քաղաքային, համայնքային իշխանությունը չի կարելի վերածել քաղաքական իշխանության: Ուստի երեւանցին կարող է նաեւ վստահ լինել, որ քաղաքապետի ու փոխքաղաքապետի պաշտոնները երբեւէ չեն չարաշահվելու եւ չեն վերածվելու քաղաքական պաշտոնների»:

Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ «Առավոտ»-ը զրուցել է ՍԻՄ հիմնադիր նախագահ Հրանտ Խաչատրյանի հետ։ Վերջինս ասում է. - «Մեկ բան ակնհայտ է. Երեւանի ավագանու ընտրությունների ներկայիս նախընտրական փուլը շատ նման է վերջին նախագահական ընտրությունների նախընտրական փուլին։ Եթե նախագահական ընտրությունների ընթացքում ասվեր այն, ինչ որ ասվեց քվեարկությունից եւ, առավել եւս, մարտի 1-ից հետո, հավանաբար ընտրողները մի քիչ ավելի զգույշ կլինեին իրենց ձայնը տալուց։ Ես շատ եմ շփվում մարդկանց հետ եւ կարող եմ ասել, որ շատերի ենթադրությունները՝ կախված հետընտրական զարգացումների հետ, նույնպես հանգում են նրան, որ այս ընտրությունների ներկա փուլը շատ նման է նախագահականին՝ այդտեղից բխող բոլոր հետեւանքներով»։ Հարցին, թե արդյո՞ք դրանով ակնարկում է, որ չի բացառվում մարտի 1-ի կրկնությունը, Խաչատրյանը պատասխանում է. - «Իհարկե, ոչ ոք չի ցանկանում, որ կրկնվի մարտի 1-ը։ Եվ գիտե՞ք մարդկանց միակ հույսը ինչի վրա է։ Որքան էլ տարօրինակ է, շատերի կարծիքով, միակ հույսը այն է, որ տեղի կունենա գործարք ընդդիմության եւ իշխանության միջեւ՝ երկիրը՝ Սերժին, Երեւանը՝ Լեւոնին»։

Քաղաքական իրավիճակի մասին «Ժամանակ»-ը գրում է. - «Ակնհայտ է, որ խնդիրների այդ ամբողջության տակից դուրս գալը վեր է ներկայիս իշխանության ուժերից, քանի որ այն բացարձակապես զուրկ է հանրային աջակցությունից։ Արդյունքը կամ հետեւանքը այն է, որ երկրում թե’ ներքին, թե’ արտաքին քաղաքական ուղղություններով կատարվում են քայլեր, որոնց տրամաբանությունը գտնելը վեր է նույնիսկ ամենաինտելեկտուալ մտածողների ուժերից, որոնք պատրաստ են տրամաբանություն գտնել անձրեւի յուրաքանչյուր կաթիլի մեջ անգամ։ Մինչդեռ այդ անտրամաբանականությունը վկայում է երկրում, ըստ էության, իշխանության բացակայության մասին։ Լավ, թե վատ, բայց յուրաքանչյուր պետության համար իշխանությունը նախընտրելի է անիշխանությունից։ Այնպիսի պետություն, ինչպիսին Հայաստանն է, իր աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական դիրքով, չի կարող երկար ժամանակ մատնվել անիշխանության»։

«Գոլոս Արմենիի»-ի խնդրանքով մեկնաբանելով ներկա ընտրարշավի առանձնահատկությունները՝ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել է. - «Բոլոր նախընտրական արշավներից, որոնց ես հետեւել եմ, ներկայինս ամենատխուրն է»։ Զուտ կուսակցական մասնակցությունը մայրաքաղաքի ավագանու ընտրություններում, նրա կարծիքով, որոշակի նմանություն ունի խորհրդարանական ընտրությունների հետ։ Ավելին՝ մայիսի 31-ի ընտրությունների միջոցով մեր երկրում առաջին անգամ կփորձարկվի 100 տոկոսանոց կուսակցական մասնակցության մոդելը. - «Այս դեպքում ամենաօպտիմալ միջոցը կլինեին հեռուստաբանավեճերը՝ կարեւորագույն դեմոկրատական գործիք, որի միջոցով ընդդիմությունը բոլոր երկրներում առավելության է հասել՝ բաց քննադատելով իշխանություններին»։ Մեր դեպքում դա տեղի չունեցավ, ընդդիմությունը բացահայտորեն խուսափում է հեռուստադեբատներից, իսկ ինչ վերաբերում է արմատականների՝ հեռուստաեթերում հավասար հնարավորությունների հարցին, ապա, Հովհաննիսյանի կարծիքով, այն օգտագործեցին «իրենց համար նվազագույն, իսկ իշխանությունների համար՝ առավելագույն արդյունավետությամբ»։

«168 ժամ»-ի զրուցակիցը նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Սուրեն Աբրահամյանն է։ Նա ասում է. - «Երբ դիտում եմ իշխանական ուժերի քարոզարշավը, տեսնում եմ, որ շատ հաճախ իրենք էլ անկեղծ զարմանում են, թե ինչպես են վարվել Երեւանի հետ, ինչպես են հոշոտել։ Ո՞վ էր խանգարում, կանաչապատեիք ու մաքրեիք մինչեւ հիմա։ Այսօրվա այդ վայ մտավորականները, որ գովերգում են ներկա իշխանություններին, ես հիշում եմ, իրենք էինք անճարի նման Կամերային երաժտության տան դիմացի սրճարանի համար ոտքի կանգնել։ Իշխանություններին աղաչեցին-պաղատեցին ու ոչ մի արդյունքի չհասան։ Բայց այսօր այդ նույն իշխանություններին պաշտպանում են։ Այս տարիների ընթացքում Երեւանն անտեր քաղաքի կարգավիճակ ուներ, որովհետեւ ինչ կառուցվում էր, ոչ թե դա էր համապատասխանեցվում քաղաքի շահերին, այլ հակառակը»։

«Հայոց Աշխարհ»-ում «Բարգավաճ Հայաստան»-ի քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը հերքել է օրերս մամուլում հայտնված ԲՀԿ-ի համամասնական ցուցակի առաջատար Հարություն Քուշկյանի՝ «թաքնված» օլիգարխ-սեփականատեր լինելու մեղադրանքները. - «Նախ ասեմ, որ հրապարակված «փաստերը» ուղղակի չեն համապատասխանում իրականությանը։ Ինչ վերաբերում է Հարություն Քուշկյանի սեփականությանը, ապա պարոն Քուշկյանը երբեք իր ունեցվածքը չի թաքցրել՝ այն հայտարարագրված է եւ որեւէ մեկի համար գաղտնիք չէ։ Համենայն դեպս, մեր մրցակիցները լավ կյանքից չէ, որ անցնում են կոմպրոմատների։ Դա նշանակում է, որ իրենք էլ շատ լավ հասկանում են՝ այսօր «Բարգավաճ Հայաստան»-ը ունի երեւանցիների լուրջ աջակցությունը, ինչը, բնականաբար, նրանց մեջ որոշակի անհանգստություն է առաջացրել։ Ուստի ընտրություններին գնում ենք շատ հանգիստ՝ հավասարակշիռ, առանց խուճապի, առանց աժիոտաժի եւ առանց մեր մրցակիցներին վիրավորելու»։