Առայժմ գերակշռում է Երեւանի ավագանու ընտրությունների չեզոք լուսաբանումը

Մայիսի 19-ին Երեւանի մամուլի ակումբը ներկայացրել է Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի հեռուստատեսային լուսաբանման մոնիտորինգի առաջին երկու փուլերի արդյունքները: Երեւանի մամուլի ակումբը արձանագրել է, որ առայժմ քարոզարշավի լուսաբանումը հիմնականում չեզոք է եղել:

Մոնիտորինգի են ենթարկվում են 7 հեռուստաալիքներ` Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջին ալիք (Հ1), «ԱԼՄ», Հայկական երկրորդ հեռուստաալիք (Հ2), «Արմնյուս», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Շանթ»։

Մոնիթորինգը երեք փուլով է անցնում՝ ապրիլի 16-ից մայիսի 1-ը՝ մինչեւ պաշտոնական քարոզարշավի սկիզբը, Մայիսի 2-15-ը, եւ մայիսի 16-ից մինչեւ քարոզարշավի ավարտը՝ մայիսի 29-ը։

Այսօր Երեւանի մամուլի ակումբը ամփոփում էր առաջին երկու փուլերի ` արդյունքները։ Ըստ այդմ, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին տրամադրված եթերաժամանակի առումով առաջատարը Ժողովրդական կուսակցությունն է, որին հաջորդում են Հայ հեղափոխական դաշնակությունը եւ «Բարգավաճ Հայաստանը»:

Լրատվամիջոցները ամենաքիչ եթերաժամանակը հատկացրել են Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությանը եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին:

Այդուհանդերձ, չնայած քաղաքական ուժերին հատկացված եթերաժամանակի ծավալի միջեւ տարբերությունները խիստ զգալի են, մոնիտորինգի համակարգող Էլինա Պողոսբեկյանի կարծիքով, այս ընտրությունները նախագահական եւ խորհրդարանական անցած ընտրությունների համեմատությամբ առավել չեզոք են լուսաբանվում հեռուստաընկերությունների կողմից:

«Հաճույքով ասում եմ, որ լուսաբանման 97.1 տոկոսը չեզոք է եղել, որ իմ կարծիքով շատ լավ ցուցանիշ է, եւ ի տարբերություն նախորդ նախագահական կամ խորհրդարանական ընտրություննենրի՝ այս ընտրությունները լուսաբանվում են համեմատաբար չեզոք։ Եվ եթե նույնիսկ որեւէ բացասական երանգավորում կա որեւէ կուսակցության կամ թեկնածուի վերաբերյալ, ապա դա անմիջապես լրագրողի գնահատականները չեն, այլ կարծիք է, որ հնչեցնում է հաղորդման մասնակիցը, կամ նյութի հերոսը», - փաստեց Պողոսբեկյանը: