Եվրամիություն - Ռուսաստան գագաթնաժողովը ավարտվեց


Եվրամիության եւ Ռուսաստանի ղեկավարները այսօր ավարտել են բանակցությունները Խաբարովսկում, սակայն էներգետիկ եւ այլ հարցերի շուրջ տարաձայնությունների նրանց միջեւ չեն հաղթահարվել:

Բանակցություններին հաջորդած ասուլիսի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր չէ հրաժարվել իր էներգետիկ խարտիայից հանուն Արեւելյան Եվրոպայի հետ կապերի` անկախ Ռուսաստանի կողմից հնչող քննադատությունից:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վերահաստատել է էներգակիրների առեւտրի նոր համաձայնագիր կնքելու իր կոչերը` հույս հայտնելով, որ Եվրամիության ղեկավարությունը կքննարկի նավթի եւ գազի առեւտրի նոր իրավական հիմքի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները:

Մեդվեդեւը նաեւ մտահոգություն է հայտնել նախկին խորհրդային պետությունների հետ Եվրամիության գործընկերության առնչությամբ` ասելով, թե Արեւելյան գործընկերությունը չպետք է վերածվի գործընկերության ընդդեմ Ռուսաստանի:

Եվրամիությունում նախագահող Չեխիայի ղեկավար Վացլավ Կլաուսի փոխանցմամբ` գագաթնաժողովը նպաստել է վստահության աճին ԵՄ - Ռուսաստան հարաբերություններում, որոնցում լուրջ լարվածություն է առաջացել անցած տարվա ռուս - վրացական պատերազմից եւ այս տարվա հունվարին Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսաստանյան գազի առաքման դադարեցումից հետո: