Հայաստան - ՆԱՏՕ բանակցություններ Բրյուսելում

Բրյուսել - Բանակցություններ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ, 20 մայիսի, 2009 թ.

Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում չորեքշաբթի օրը կայացել է 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հյուսիսատլանտյան խորհրդի նիստից առաջ կայացել է Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արտգործնախարարության մամլո խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի հիմնական նպատակը Հայաստան - ՆԱՏՕ նորացված Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) քննարկումը եւ հաստատումն էր:

«Քննարկվեց «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում համագործակցությունը, ինչպես նաեւ Հայաստան - ՆԱՏՕ նորացված Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը եւ հեռանկարները: Քննարկվեցին նաեւ Հայաստանի անվտանգության բնագավառում եւ պաշտպանական համակարգում իրականացված բարեփոխումները եւ դրանց հեռանկարները», - ասաց Տիգրան Բալայանը:

Նիստում անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Մանրամասն քննարկվել է նաեւ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը:

Հայաստանը չի մասնակցել մայիսի սկզբին Վրաստանում կայացած ՆԱՏՕ-ի «Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր - 2009» զորավարժություններին:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանին այսպես էր բացատրել Հայաստանի որոշումը. - «Դրա վրա նաեւ անդրադարձել է այն, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վերջին ժամանակահատվածում, հանդիպելով Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ալիեւի հետ, իր խոսքի ընթացքում միջազգային չափանիշների, միջազգային նորմերի մեջ միայն նշել է տարածքային ամբողջականությունը: Այնինչ այսօրվա գործող ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությունը, որը զբաղվում Լեռնային Ղարաբաղի հարցով, դա ԵԱՀԿ-ն է եւ Մինսկի խումբը՝ իր գործունեության մեջ: Ինչպես նաեւ շատ ու շատ պետություններ, որոնք զբաղվում են, նշում են միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ ե՜ւ ժողովուրդների ինքնորոշումը, ե՜ւ տարածքային ամբողջականությունը, ե՜ւ, իհարկե, ուժի չկիրառումը»:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ափսոսանք էր հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանը` բավական անհամոզիչ պատճառաբանությամբ չմասնակցելով ՆԱՏՕ-ի զորավարժություններին, այդպիսով, փաստորեն, երրորդ երկրի ճնշմամբ, վնասեց հարաբերություններն իր ռազմավարական հարեւանի` Վրաստանի հետ։

«Ցավոք սրտի, այսօր այս չմասնակցությունը նաեւ իր մեջ այդ ուղերձն է պարունակում, որ, այո, մենք պատրաստ ենք երրորդ երկրների ցանկությամբ չհամագործակցել մեր ռազմավարական հարեւանի հետ», - պարզաբանել էր Սաֆարյանը:

Հարցին, արդյոք Հայաստանը նախատեսո՞ւմ է հետագայում մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին, արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատարը արձագանքեց. - «Հաստատվել է, որ Հայաստան - ՆԱՏՕ համագործակցությունը շարունակվելու»: