Հուսեին Բագչի. «էրդողանն ուղղակի ստիպված էր հանդես գալ նման հայտարարությամբ»

Հայտնի թուրք վերլուծաբանի կարծիքով, չնայած Բաքվում այս շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը, որով վերջինս իբրեւ հայ - թուրքական սահմանի բացման նախապայման դարձյալ նշել էր Ղարաբաղի հարցի կարգավորումը, առաջիկա ամիսներին հայ-թուրքական սահմանի բացման հավանականությունը մեծ է:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում թուրք հայտնի վերլուծաբան, Անկարայի տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Հուսեին Բագչին, ով այս օրերին գտնվում է Երեւանում` «Անվտանգությունը եւ համագործակցությունը Կովկասում» խորագիրը կրող միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով, մասնավորապես, ասաց. - «Հայ-թուրքական երկխոսությունը շատ կարեւոր գործընթաց է: Կարծում եմ, որ ղարաբաղյան հարցն այլ է»:

Թուրք քաղաքագետի դիտարկումներով, ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում հասարակություններն արդեն պատրաստ են երկխոսության ու բաց սահմանների։

«Այն օրից ի վեր, երբ Թուրքիայի նախագահն այցելեց Հայաստան` դիտելու ֆուտբոլային հայտնի հանդիպումը, Թուրքիայում շատ բան է փոխվել. նկատի ունեմ` ինչպես քաղաքական շրջանակներում տիրող տրամադրությունները, այնպես էլ հասարակական կարծիքը։ Կարող եմ արձանագրել, որ այս զարգացումների միտումը շատ դրական է, եւ այժմ էական է, թե քաղաքական որոշում կայացնողներն ինչպես կօգտագործեն այն։ Եթե նրանք չհաջողեն, ուրեմն կարող ենք ասել, որ կորցրել են պատմական հնարավորությունը», - ասաց Հուսեին Բագչին։

Անդրադառնալով Բաքվում վարչապետ Էրդողանի հայտարարությանը, որով հայ-թուրքական սահմանի բացման նախապայման առաջադրեց, հայտարարելով, որ առանց ղարաբաղյան խնդրի կարգավորման այն բացվել չի կարող, Բագչին նշեց. - «Տվյալ պահին էրողանն ուղղակի հարկադրված էր հանդես գալ նման հայտարարությամբ, քանի որ Թուրքիայում այս հարցի առնչությամբ հզոր ընդդիմություն կա։ Անձամբ ես կարծում եմ, որ Թուրքիայի կառավարությունը հակված է շարունակել բանակցությունները` վերջնանպատակ ունենալով դիվանագիտական հարաբերություններ հաստատել հայկական կողմի հետ եւ բացել սահմանը։ Սա շատ կարեւոր հարց է ինչպես Թուրքիայի արտաքին քաղաքականության համար, այնպես էլ ողջ Կովկասում տիրող իրադրության առումով»:

Հարցին, թե ի՞նչ դեր ունի այս գործընթացների մեջ Ադրբեջանը, թուրք քաղաքագետը արձագանքեց. - «Ես չէի ասի, թե Ադրբեջանը բացասական դերակատարություն ունի այս ամենի մեջ։ Անշուշտ, Թուրքիան իր բոլոր քայլերի մասին տեղեկացնում է Ադրբեջանին, սակայն մի բան պարզ է. Ադրբեջանը չի կարող Թուրքային թելադրել, թե վերջինս ինչպիսի արտաքին քաղաքականություն վարի։ Հայ-թուրքական երկխոսությունն, ինչ խոսք, որոշակի դժվարություններ է առաջացրել Անկարա - Բաքու հարաբերություններում, ինչն էլ, ըստ էության, պատճառ դարձավ, որ վարչապետը մեկնի Բաքու եւ ադրբեջանցիներին համոզի, որ Անկարայի կայացրած որեւէ որոշում չի կարող դեմ լինել Ադրբեջանին»։

Որպես սահմանների բացման կոնկրետ ժամկետ, Հուսեին Բագչին կանխատեսեց` մինչ Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հաջորդ հանդիպումը։

«Չեմ վախենում այսպիսի կանխատեսում անելուց, քանի որ էությամբ լավատես եմ», - ասաց թուրք քաղաքագետը: