Մեկնարկում է Կաննի միջազգային կինոփառատոնը

Կաննի կինոփառատոնի նախագահ Ժիլ Ժակոբը եւ գեղարվեստական տնօրեն Թիերի Ֆրեմոն 2009 թվականի փառատոնի պաստառի ֆոնին, Փարիզ, 23 ապրիլի

Քվենտին Տարանտինո, Պեդրո Ալմոդովար, Քեն Lոուչ, Lարս ֆոն Տրիեր` սրանք են այսօր Կաննում մեկնարկող 62-րդ Միջազգային կինոփառատոնի մասնակիցների միայն մի քանիսի անունները:
Այս տարվա մրցութային ծրագիրը համարում են ամենաուժեղներից մեկը Կաննի փառատոնի անցկացման ողջ պատմության ընթացքում: Մրցությանի ծրագրում հաղթելու ամենամեծ շանսերը, ըստ քննադատների, ունեն ժամանակակից կինոյի դասականներ համարվող Տարանտինոն ու Ալմոդովարը:

Ալմոդովարը Կանն է բերել իր նոր` «Փշրված գրկախառնումներ» ֆիլմը: Կինոնկարի գլխավոր հերոսը իսպանացի մի կինոռեժիսոր է, որն ավտովթարից հետո կուրանալով` կորցնում է ամեն ինչ, այդ թվում` սիրած աշխատանքն ու ընտանիքը: Սա Ալմոդովարի չորրորդ ֆիլմն է, որտեղ գլխավոր դերերից մեկում նկարահանվել է Պենելոպա Կրուսը:

Քվենտին Տարանտինոն այս տարի իր «Պատվազուրկ սրիկաները» ֆիլմով մեծ անակնկալ է մատուցել ողջ աշխարհին: Քրեական սյուժեներից հրաժարվելով` Տարանտինոն անսպասելիորեն հայացքն ուղղել է Երկրորդ համաշխարհայինի պատմությանը: Տարանտինոյի նոր ֆիլմի գլխավոր հերոսները ամերիկյան բանակի կազմում գործող դիվերսիոն ստորաբաժանման զինծառայողներն են: Խմբի հրամանատարի դերում Բրեդ Փիթն է: Նրա հերոսը ողջ ֆիլմի ընթացքում նույն նախադասությունն է կրկնում. - «Մենք միայն մի առաքելություն ունենք` ոչնչացնել նացիստներին»:

Այս տարվա Կաննի փառատոնում անդրադարձ կլինի նաեւ հայկական թեմաներին: Ֆրասնահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի` 2008 թվականին նկարահանված «Հանցագործների բանակը» ֆիլմը, որն ընդգրկված է փառատոնի արտամրցութային ծրագրում, պատմում է Դիմադրության շարժման թերեւս ամենահայտնի հայազգի հերոսի` բանաստեղծ Միսաք Մանուշյանի մասին: Մանուշյանի կերպարը ֆիլմում մարմնավորել է Սիմոն Աբգարյանը, որին հայ հանդիսատեսը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմից է հիշում. «Արարատ»-ում Աբգարյանը խաղում էր Արշիլ Գորկու դերը:

Փառատոնի ժյուրին այս տարի ղեկավարում է դերասանուհի Իզաբել Յուպերը: Կաննի 62-րդ փառատոնի ժյուրիում ընդգրկված են նաեւ արձակագիր եւ սցենարիստ Հանիիֆ Քուրեյշին, հայտնի թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը, Իտալիան ներկայացնող դերասանուհի Ասիա Արջենտոն: