ԱՄՆ-ը կրկին աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը


Միացյալ Նահանգները դատապարտել է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ միջպետական համաձայնագրեր կնքելու՝ Կրեմլի մտադրությունը։ Ինչպես հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները, դրանք հակասում են Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնավարությանը։

«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ այդ հակամարտությունների խաղաղ կարգավորմանը եւ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգմանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,–հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Վրաստանից անջատված շրջանների հետ հարաբերությունները ամրապնդելու մասին վերջերս հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ տարածաշրջան կատարած այցի ժամանակ։ Այցը քննադատել էր նաեւ Եվրամիությունը։